Հայաստանում տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են. Նիկոլ Փաշինյան

16:39 • 07.04.22

Գիտեք, որ Հայաստանի Հանրապետության տարածքներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի վերահսկողության ներքո, կան Ադրբեջանի տարածքներ, որոնք Հայաստանի վերահսկողության ներքո են, և այս հարցերը պիտի լուծվեն բանակցությունների արդյունքներով՝ բնականաբար, դե յուրե հիմնավորված արձանագրումների, իրավական նշանակություն ունեցող փաստերի հիման վրա: Այս մասին Կառավարության նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հավելել է՝ սահմանագծման և սահմանազատման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել Ռուսաստանի Դաշնությունը:

«Եվրամիությունը նույնպես աջակցելու պատրաստակամություն է ցուցաբերում, և այս ուղղությամբ պիտի առաջ շարժվենք: Գիտեք, որ մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև դե յուրե սահման գոյություն ունի, և դա խորհրդային ժամանակներում գոյություն ունեցող սահմանագիծն է: Այս արձանագրումով սահմանագծման աշխատանքները պետք է սկսել և փորձել լուծումների հասնել՝ զուգահեռ միջոցներ ձեռնարկելով անվտանգության և կայունության ապահովման ուղղությամբ»,- նշել է նա: