Ուկրաինայում «ապառուսականացման» նպատակով ապամոնտաժել են Պուշկինի կիսանդրին

17:40 • 07.04.22

Ուկրաինայի Անդրկարպատյան շրջանի Մուկաչևո քաղաքի իշխանությունները ապամոնտաժել են Ալեքսանդր Պուշկինի պատվին հուշարձանը և հուշատախտակը` ասելով, որ դա արվել է «ապառուսականացման» նպատակով։ Այս մասին հինգշաբթի իր կայքում հայտնել է քաղաքային խորհուրդը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մուկաչևոյում ազատվում են ռուս-կայսերական անցյալից, երեկ արդեն ապամոնտաժվել է Պուշկինի կիսանդրին և թիվ 1 դպրոցի հուշատախտակը»,- նշել են Մուկաչևոյի քաղաքային խորհուրդում։

Որպես պատճառաբանում նշվել է, որ հուշատախտակներն ապամոնտաժվել են «ապառուսաֆիկացման միջոցառումներ իրականացնելու համար»։

Քաղաքային խորհուրդը հիշեցնում է, որ ավելի վաղ Մուկաչևոյի թիվ 1 դպրոցը հրաժարվել էր Պուշկինի անունից, որը կրում էր նախկինում։

Չորեքշաբթի Գերագույն ռադան գրանցել է օրենքի նախագիծ, որն արգելում է ուկրաինական քաղաքներում Ռուսաստանի հետ կապված օբյեկտներին, նրա պատմությանն ու գործիչներին անուններ տալը։