Ալիևն Էրդողանի հետ քննարկել է բրյուսելյան հանդիպման արդյունքներով ընդունված որոշումները. Էրդողանը գոհունակություն է հայտնել

22:56 • 07.04.22

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած տեղեկատվության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ Եվրամիություն, Ադրբեջան և Հայաստան եռակողմ հանդիպման մասին։

Ալիևը նշել է, որ դրական է գնահատում հանդիպման արդյունքները։ Նա ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ ընդունված որոշումները՝ Ադրբեջանի կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների ներառմամբ, այդ թվում՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և տարածքային պահանջներից հրաժարումը, ինչպես նաև սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը։

Էրդողանն իր հերթին նույնպես գոհունակություն է հայտնել ձեռք բերված արդյունքներից։

Զրույցի ընթացքում նշվել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը, տրանսպորտային և հեռահաղորդակցային գծերի ստեղծումը կծառայեն տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը, տարածաշրջանի երկրների զարգացմանն ու բարգավաճմանը։