Առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում. ՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են. Չավուշօղլու
Ռուսաստանն ու Ուկրաինան աջակցում են Թուրքիայում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարին, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ ապրիլի 6-ին և 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպումից հետո, գրում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հակամարտող կողմերին առաջարկել ենք շարունակել բանակցությունները Թուրքիայում: Երկու կողմերն էլ սկզբունքորեն պաշտպանում են Թուրքիայում բանակցություններ վարելու գաղափարը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի Ստամբուլում տեղի են ունեցել դեմ առ դեմ բանակցություններ Մոսկվայի և Կիևի պատվիրակությունների միջև։ Հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը գրավոր առաջարկներ է ստացել Ուկրաինայից կողմերի միջև համաձայնության վերաբերյալ։ Նա հավելել է, որ Մոսկվան այս նախաձեռնությունները քննարկելուց հետո առաջարկներ կներկայացնի։ Բացի այդ, նշել է քաղաքական գործիչը, Մոսկվան «երկու քայլ» է անում դեպի Կիև և առաջարկում է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպում անցկացնել նախատեսվածից շուտ՝ արտաքին գործերի նախարարությունների մակարդակով խաղաղության պայմանագրի նախաստորագրմանը զուգահեռ։ Իսկ ռուս զինվորականները կնվազեցնեն ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղություններում։










