Ֆրանսիան կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորը. Մակրոն

10:48 • 08.04.22

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը կդառնա Ուկրաինայի անվտանգության երաշխավորը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայում «ինչ-որ պահի» հրադադար կլինի, և պետք է խաղաղություն հաստատել։ 

Այս մասին Ֆրանսիայի նախագահը խոսել է Le Parisien-ին տված հարցազրույցում։

«Դա չի կարող տեղի ունենալ առանց երաշխավորի, և Ֆրանսիան կոչված է լինել այդ երաշխավորներից մեկը», - ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը նաև կարծում է, որ անհրաժեշտ է շարունակել բանակցությունները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Մակրոնի խոսքով՝ ինքը պատրաստ է շարունակել շփումները Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ Ուկրաինայի հարցով։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ նշել էր յոթ երկիր, որոնք կարող են դառնալ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր։ Դրանք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Լեհաստանը, Գերմանիան, Ֆրանսիան, Իսրայելը։

Միևնույն ժամանակ, CNN-ի աղբյուրները հայտնել են, որ ԱՄՆ-ն դժվար թե Ուկրաինային տա անվտանգության երաշխիքները, որոնք պահանջում է Կիևը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: