Ֆինլանդիան և Շվեդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին․ Times

08:52 • 11.04.22

Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ աղբյուրներին հղումով։

Ինչպես գրում է պարբերականը, անանուն ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս երկրների անդամակցությունը դաշինքին ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների թեման է դարձել։

«Ակնկալվում է, որ Ֆինլանդիան անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, իսկ նրան կհաջորդի Շվեդիան», - գրում է պարբերականը։

Ինչպես հայտարարել են թերթի հարցմանը մասնակցած եվրոպացի դիվանագետները, այս երկրների անդամակցությունը դաշինքին կընդլայնի ՆԱՏՕ-ի հնարավորությունները, հատկապես՝ հետախուզական տեղեկատվության հավաքագրման և ռազմաօդային ուժերի հզորացման ոլորտներում։ Դիվանագետներից մեկի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան «իրական խաղացողներ» կլինեն դաշինքում։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։