Ձեր մեքենան լիցքավորելու կարողությունը չպետք է կախված լինի բռնապետի ցեղասպանություն հայտարարելուց․ Բայդենը՝ Պուտինի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն Այովա նահանգում ունեցած ելույթի ժամանակ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին անվանել է «բռնապետ», իսկ Ուկրաինայում ՌԴ-ի իրականցվող հատուկ ռազմական գործողությունը՝ «ցեղասպանություն»։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքը։
Այսպես, ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է, երբ նա ափսոսանք է հայտնել գազի գնի թանկացման առնչությամբ։
«Ձեր ընտանեկան բյուջեն, մեքենայի բաքը լիցքավորելու ձեր կարողությունը չպետք է կախված լինեն նրանից, թե արդյոք բռնապետը պատերազմ կհայտարարի և ցեղասպանություն կկատարի աշխարհի մյուս ծայրում», - բառացի ասել է Բայդենը:
Ավելի ուշ, նախքան Վաշինգտոն թռչելը, Սպիտակ տան ղեկավարը մեկնաբանել է իր խոսքերը.«Ես դա անվանեցի ցեղասպանություն, քանի որ ավելի ու ավելի պարզ է դառնում, որ Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել ուկրաինացի լինելու գաղափարը: Եվ ապացույցներն աճում են: Մենք միջազգային մակարդակով իրավաբաններին թույլ կտանք որոշել՝ արդյոք դա կարող է համապատասխան որակավորվել, թե ոչ, բայց ինձ համար դա այդպես է»,- ասել է Բայդենը:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա:










