Եթե Աստված հանգել է որոշման, որ պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը, ուրեմն դա իմ խաչն է, որը պիտի տանեմ. Փաշինյան
Եթե Աստված եւ ժողովուրդը շատերի համար անսպասելի եւ անտրամաբանական որոշման են հանգել, որ 44-օրյա պատերազմից հետո ես պետք է շարունակեմ առաջնորդել երկիրը եւ ժողովրդին, ուրեմն այս ամենը ասելը եւ այս ամենի պատասխանատվությունը ստանձնելը իմ առաքելությունն է, իմ լուծը, եթե կուզեք իմ խաչը, որը պիտի տանեմ: Եւ քանի որ խոստովանությունների ելույթ է ստացվում, ու քանի որ ավագ շաբաթ է, պիտի նաեւ խոստովանեմ, որ անսահման մեղավոր եմ զգում նաեւ Աստծո առաջ, որ չկարողացա կյանքի կոչել նրա մեծագույն պատվիրաններից մեկը՝ Երանի խաղաղարարներին, որովհետեւ Աստծո որդիներ պիտի կոչվեն: Այս մասին ԱԺ-ում ասել է Նիկոլ Փաշինյանը
«Բայց քավ լիցի, եկեք տուրք չտանք էմոցիաներին, որովհետեւ հիմա մեզ առավել քան երբեւէ պետք է սթափ դատողություն, ռացիոնալ մոտեցում եւ իրատեսական գնահատական: Եւ այս համատեքստում կուզենայի անդրադառնալ վերջին շրջանի մի շարք իրադարձությունների, պայմանավորվածությունների եւ անելիքների, խոսել ռիսկերի եւ հնարավորությունների, սպառնալիքների եւ հույսերի մասին»,- նշել է վարչապետը:
Փաշինյանն անդրադարձել է Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ձեռքբերված պայմանավորվածություններին:
«Այո ես համաձայնություն եմ տվել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները սկսեն խաղաղության պայմանագրի նախապատրաստական աշխատանքները: Ինչ է սա նշանակում գործնականում, ինչ ժամանակացույց, ինչ ձեւաչափ՝ դա դեռ պիտի քննարկվի ու որոշվի: Բայց Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումը որքան հնարավոր է արագ, այո մտնում է մեր պլանների մեջ»,- նշել է նա:
Փաշինյանը ընդգծել է՝ չեն բացառում, որ Ադրբեջանը կփորձի խաղաղության բանակցությունների գործընթացը հնարավորինս արագ փակուղի մտցնել, դա դարձնելով Հայաստանի եւ Արցախի դեմ նոր ագրեսիայի, ագրեսիվ գործողությունների առիթ:
«Նույն հաշվարկը մենք ունենք, ի դեպ, նաեւ դելիմիտացիայի աշխատանքների կապակցությամբ, որովհետեւ չենք բացառում, որ Ադրբեջանը այդ գործընթացը օգտագործի Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ ձեւակերպելու համար, դե յուրե հայտարարելով, որ ոչ մի տարածքային պահանջ էլ չունի:
Հասկանալով եւ հաշվարկելով բոլոր ռիսկերն ու մարտահրավերները, մենք եկել ենք այն եզրակացության, որ նույն կետում կանգնելը եւ գործընթացում որոշակի առաջընթաց չապահովելը ոչ միայն չի նվազեցնում, այլև ավելի է սրում ռիսկերը: Այս է պատճառը, որ մենք նաեւ դելիմիտացիայի հարցում ենք Բրյուսելում եկել համաձայնության՝ մինչեւ ապրիլի վերջը ստեղծել դելիմիտացիայի եւ սահմանային անվտանգության հարցերով Հայաստան-Ադրբեջան երկկողմ հանձնաժողով, եւ սկսել աշխատանքը»,- ասել է նա և հավելել. «Ո՞րն է այս հարցում մեր մարտավարությունը: Ճշգրտել սահմանների հարցում Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները, պաշտոնապես արձանագրել այդ նույն հարցում Հայաստանի դիրքորոշումները, մեր դիրքորոշումներում լինել մաքսիմալ լեգիտիմ, այսինքն՝ սահմանի ճշգրտման հարցում օգտագործել միայն դե յուրե նշանակություն ունեցող փաստեր ու փաստարկներ, այդ լեգիտիմության ճանաչումը ստանալ միջազգային հանրության շրջանում եւ այս հենքի վրա համաձայնության հասնել Հայաստան-Ադրբեջան սահմանների վերաբերյալ»:
Փաշինյանը հավելել է՝ դա նշանակում է դելիմիտացիայի գործընթացում հիմնվել Հայաստանի Հանրապետության տարածքի ճշգրտման համար դե յուրե նշանակություն ունեցող փաստերի եւ ոչ թե ցանկությունների կամ զրույցների վրա:










