Լը Պենի ասուլիսի ժամանակ կնոջը քարշ տալով հեռացրել են՝ Պուտինի հետ «ռոմանտիկ» պաստառի պատճառով (տեսանյութ)
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի փարիզյան մամուլի ասուլիսի ընթացքում ներկաներից մեկին անվտանգության ծառայության աշխատակիցները հատակով քարշ տալով դուրս են բերել սրահից այն բանից հետո, երբ կինը վեր է բարձրացրել Լը Պենի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «ռոմանտիկ» պաստառը:
Ինչպես գրում է Daily Mail-ը, սրտաձև կտրված պաստառում պատկերված են Լը Պենն ու Պուտինը: Համապատասխան լուսանկարն արվել է 2017-ին, երբ ֆրանսուհին այցելել էր Մոսկվա:
Ավելի ուշ ակտիվիստուհին նշել է, որ տվյալ ակցիայի միջոցով փորձել է ևս մեկ անգամ մարդկանց ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ «Լը Պենը սերտ համագործակցել է Պուտինի հետ և որ աջակցում է բռնապետերին»:
«Ուզում էինք հիշեցնել, որ Մարին Լը Պենը որպես նախագահ նույն դիրքորոշումը չի ունենա Ուկրաինայի, Ռուսաստանի նկատմամբ, որը մենք ունենք այսօր։ Պետք է հիշել, թե ինչ վտանգ է ներկայացնում Ազգային ճակատը»,-ասել է ակտիվիստուհին։
Հիշեցնենք, որ Լը Պենն ավելի վաղ հայտնել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում Ֆրանսիան դուրս կբերի ՆԱՏՕ-ից և ավելի սերտ հարաբերություններ կհաստատի ՌԴ-ի հետ:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որում մրցելու են Լը Պենն ու գործող նախագահ Էմանուել Մակրոնը, կայանալու է ապրիլի 24-ին:










