Երուսաղեմի Տաճարի լեռան վրա բախվել են իսրայելցիներն ու պաղեստինցիները. կա ավելի քան 150 վիրավոր, 300 բերման ենթարկված (տեսանյութ)

16:53 • 15.04.22

Երուսաղեմի Տաճարի լեռան վրա ապրիլի 15-ի առավոտյան անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել։ Ավելի քան 150 մարդ վիրավորվել է, հայտնում է Jerusalem Post-ը։

Բախումները տեղի են ունեցել պաղեստինցիների և իսրայելցիների միջև: Կարմիր խաչի տվյալներով՝ վիրավորների թվում են երեք իսրայելցի ոստիկաններ։ Բերման է ենթարկվել ավելի քան 300 իրավախախտ:

Նշվում է, որ անկարգություններն ու բախումները շարունակվել են մոտ վեց ժամ ուրբաթ վաղ առավոտից: Դրանք սկսվել են մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսվա երկրորդ ուրբաթ օրվա կապակցությամբ աղոթքի ժամանակ։

Մոտ 12 հազար մուսուլմաններ հավաքվել էին աղոթքի համար Տաճարի լեռան վրա Ալ Ակսա մզկիթում: Նրանցից ոմանք իրենց հետ բերել են ՀԱՄԱՍ-ի և Պաղեստինի ինքնավարության դրոշները։

Աղոթքի ավարտից հետո ոստիկանները փորձել են անկարգություններ հրահրողներին դուրս բերել մզկիթից, սակայն նրանք պատնեշվել են մզկիթում։ Մուսուլմանները քարեր և ամրաններ են հավաքել, որոնք օգտագործել են Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումների ժամանակ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, ռետինե փամփուշտներ։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ Իսրայելի անվտանգության ուժերը պատրաստվում են բողոքի ցույցերի նոր բռնկման՝ ուրբաթ երեկոյան, երբ հրեաների համար գալու է Պասեքի տոնը։