«Կալիբր» հրթիռներով ոչնչացվել են ուկրաինական «Վիզար» հրթիռային գործարանի արտադրամասերը. ՌԴ ՊՆ

12:11 • 15.04.22

Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը ծովային «Կալիբր» հրթիռներով հարձակվել են Կիևի արվարձանում գտնվող ռազմական օբյեկտի վրա. ոչնչացվել են «Վիզար» գործարանի զենիթահրթիռային համակարգերի արտադրության և վերանորոգման արտադրամասերը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Այս գիշեր ծովային տեղակայման բարձր ճշգրտության «Կալիբր» հեռահար հրթիռները հարվածել են Կիևի արվարձանում գտնվող ռազմական օբյեկտին։ Ժուլյանսկի «Վիզար» մեքենաշինական գործարանի վրա հարձակման հետևանքով ոչնչացվել են հեռահար և միջին հեռահարության զենիթահրթիռային համակարգերի, ինչպես նաև հականավային հրթիռների արտադրության և վերանորոգման արտադրամասեր»,- ասել է Կոնաշենկովը։

ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ  հրթիռային հարվածների քանակն ու մասշտաբը կավելացվի՝ ի պատասխան Ռուսաստանի Դաշնության տարածքում Ուկրաինայի ցանկացած ահաբեկչության կամ դիվերսիայի։