Պենտագոնը Սև ծովում «Մոսկվա»-ի խորտակումը ՌԴ ռազմածովային ուժերին «մեծ հարված» է որակել. Forbes-ը նավը գնահատել է 750 մլն դոլար
Հինգշաբթի «Մոսկվա» հածանավի խորտակումը «մեծ հարված» էր Ռուսաստանի ռազմածովային ուժերին Սև ծովում, հայտարարել է Պենտագոնը:
«Սա մեծ հարված է Սևծովյան նավատորմի համար, դա կարևոր բաղադրիչ էր Սև ծովում որոշակի գերակայություն հաստատելու նրանց փորձի համար: Դա կազդի նրանց կարողութունների վրա», - CNN-ին ասել է Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին:
Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը չի կարող հաստատել նավի խորտակման ստույգ պատճառը, գրում է golosameriki.com-ը:
«Մենք չենք կարող հերքել ուկրաինական կողմի վարկածը: Շատ հավանական է և հնարավոր է, որ նրանք իրականում հարձակվել են ռուսական հածանավի վրա «Նեպտուն» հրթիռով կամ գուցե այլ բանով»,-ասել է Քրիբին:
Հիշեցնենք, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը փոթորկի պայմաններում դեպի նպատակակետ քարշակելիս խորտակվել է՝ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած վնասման պատճառով։ Այս մասին հինգշաբթի հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից։
««Մոսկվա» հածանավը դեպի նշանակման նավահանգիստ քարշակելու ժամանակ զինամթերքի պայթելուց առաջացած հրդեհի հետևանքով ստացած կորպուսի վնասման պատճառով կորցրել է կայունությունը։ Փոթորկոտ ծովի պայմաններում նավը խորտակվել է»,- հայտնել են ռազմական գերատեսչությունից։
Հածանավի անձնակազմը տարհանվել է Սևծովյան նավատորմի նավերը, որոնք գտնվում են տարածքում:
Մինչդեռ ուկրաինական կողմը պնդում է, որ իրենց արձակած «Նեպտուն» թևավոր հրթիռների հարվածի հետևանքով են հզոր պայթյուններ և հրդեհ տեղի ունեցել «Մոսկվա» հածանավում։ Այս մասին հայտնել է Օդեսայի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Մաքսիմ Մարչենկոն:
Նշենք, որ Forbes հանդեսը ռուսական հածանավի արժեքը գնահատել է 750 մլն դոլար`ընդգծելով, որ այն դարձել է Ռուսաստանի Դաշնության ամենաթանկ ռազմական կորուստը Ուկրաինայի հետ պատերազմում։










