The Washington Post–ը հայտնել է, թե Ռուսաստանն ինչ է պահանջել ԱՄՆ–ից Ուկրաինայի վերաբերյալ

13:23 • 15.04.22

Մոսկվան Վաշինգտոնից պահանջել է դադարեցնել Ուկրաինային զինելը՝ հակառակ դեպքում սպառնալով «անկանխատեսելի հետևանքներով»։ Այս մասին ասվում է Ռուսաստանի պաշտոնական դիվանագիտական նոտայում, որի պատճենն ուսումնասիրել է The Washington Post-ը։

Նշվում է, որ ռուսական նոտան հղվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաստատել է Ուկրաինային 800 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթը։ Այն նախատեսում է զինատեսակների շարքի կտրուկ ընդլայնում։

«Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին դադարեցնել Ուկրաինայի անպատասխանատու ռազմականացումը, որն անկանխատեսելի հետևանքներ է բերում տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է նոտայում։

Մոսկվան պնդում է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի «ամենազգայուն» սպառազինությունների համակարգերի մատակարարումներն Ուկրաինա «յուղ են լցնում» հակամարտության վրա։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին: Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: