ԱՄՆ-ի մեղքով Թայվանի նեղուցում իրավիճակը գնալով ավելի է սրվում. Չինաստանի ԱԳՆ-ն պահանջում է ենթարկվել «մեկ Չինաստանի» սկզբունքին

12:28 • 15.04.22

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիցզյանը, մեկնաբանելով ԱՄՆ կոնգրեսականների այցը Թայվան, ասել է, որ նրանք պետք է ենթարկվեն «մեկ Չինաստանի» սկզբունքին և անհապաղ դադարեցնեն փոխգործակցությունը Թայբեյի հետ, ինչպես նաև «զերծ մնան անպատասխանատու հայտարարություններից», գրում է ՏԱՍՍ-ը։

Չինաստանի իշխանությունները եռանդուն քայլեր կձեռնարկեն ԱՄՆ կոնգրեսականների Թայվան այցի հետ կապված, քանի որ նրանք այս այցը համարում են ոտնձգություն ՉԺՀ-ի ինքնիշխանության դեմ,ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Չժաո Լիցզյանն ընդգծել է, որ Թայվանի նեղուցում ԱՄՆ-ի մեղքով իրավիճակը գնալով ավելի է սրվում: Նա նաև հիշեցրել է, որ որոշ արևմտյան քաղաքական գործիչներ սխալմամբ փորձում են մատնանշել Ուկրաինայի ճգնաժամի և Թայվանի խնդրի նմանությունը։


Մինչդեռ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանն ասել է, որ ԱՄՆ իշխանությունները կձեռնարկեն բոլոր հնարավոր միջոցները՝ թույլ չտալու ուժային ճանապարհով Թայվանի վերամիավորումը մայրցամաքային Չինաստանի։

Թայվանի Կենտրոնական լրատվական գործակալությունը ավելի վաղ հայտնել էր, որ ԱՄՆ պատվիրակությունը հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի գլխավորությամբ հինգշաբթի երեկոյան ժամանել է կղզի կարճատև չհայտարարված այցով: Սպասվում է, որ ուրբաթ օրը ԱՄՆ պաշտոնյաները կհանդիպեն Թայվանի աշխատակազմի ղեկավար Ցայ Ինգ Վենի և մի քանի գերատեսչությունների ղեկավարների հետ։

Միացյալ Նահանգները խզել է դիվանագիտական հարաբերությունները Թայբեյի հետ 1979 թվականին և հաստատել դրանք ՉԺՀ-ի հետ: Ճանաչելով «մեկ Չինաստանի» քաղաքականությունը՝ Վաշինգտոնը շարունակում է կապեր պահպանել ինքնակառավարվող կղզու հետ և զինամթերք մատակարարել նրան։ Սա հարուցում է Չինաստանի կառավարության բողոքը, որը Թայվանը համարում է իր երկրի տարածքի անբաժանելի մասը և խստորեն նախազգուշացնում է ցանկացած անջատողական նկրտումների դեմ։