Կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփման. Չինաստանի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ կոնգրեսականների այցի մասին
Չինաստանի իշխանությունները եռանդուն քայլեր կձեռնարկեն ԱՄՆ կոնգրեսականների Թայվան այցի հետ կապված, քանի որ Պեկինն այս այցը համարում է ոտնձգություն ՉԺՀ-ի ինքնիշխանության դեմ։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, գրում է ՏԱՍՍ-ը:
«Մենք կտրականապես դեմ ենք Վաշինգտոնի և Թայբեյի միջև որևէ պաշտոնական շփումների: Չինաստանը կշարունակի եռանդուն միջոցներ ձեռնարկել և վճռականորեն պաշտպանելու է իր ինքնիշխանությունը, ինչպես նաև իր տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա ճեպազրույցում:
Հիշեցնենք, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի ավիացիան և նավատորմը վարժանքներ կանցկացնեն Արևելաչինական ծովում և Թայվանի շրջակայքում՝ կղզու հարցում ԱՄՆ-ի «սխալ ազդանշանների» պատճառով։ Այս մասին ասվում է Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտու հաղորդագրության մեջ։
«Ապրիլի 15-ին Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արևելյան գոտին համատեղ վարժանքներ կանցկացնի Արևելաչինական ծովի ջրային տարածքում և օդային տարածքում և Թայվանի շրջակայքում զորքերի մարտական պատրաստվածությունը ստուգելու համար։ Դրանց կմասնակցեն կործանիչներ, ֆրեգատներ, ռմբակոծիչներ և այլ ուժեր։
«Այդ գործողություններն ուղղված են Թայվանի հարցով ԱՄՆ-ի կողմից կրկնվող սխալ ազդանշանների դեմ»,- ասվում է հայտարարության մեջ։










