Պեսկովը հայտնել է «հստակ, մշակված ձևակերպմամբ փաստաթղթի նախագիծը» Կիևին փոխանցելու մասին. Զելենսկու գրասենյակն արձագանքել է
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը «հստակ, մշակված ձևակերպմամբ փաստաթղթի նախագիծը Կիևին» փոխանցելու մասին։
Այս մասին նա հայտնել է ՌԲԿ Ուկրաինա գործակալությանը։ Պոդոլյակի խոսքով՝ պետք է «հիմնվել միայն ուկրաինական կողմի պաշտոնական զեկույցների վրա», քանի որ «ռուսները շատ հաճախ օգտագործում են հրապարակային հայտարարությունները որպես ճնշման տարր»։
«Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ապա Ուկրաինան, Ստամբուլի փուլի շրջանակներում, հակառակորդի կողմին է փոխանցել բանաձևային լուծումների իր առաջարկները։ Այդ թվում՝ անվտանգության երաշխիքները որպես մեր երկրի վրա հետագայում չհարձակվելու երաշխիք։ Ռուսական կողմն ուսումնասիրել է առաջարկները և հայտնել իր փոխադարձ դիրքորոշումները։ Հաջորդը՝ ուսումնասիրելու, համեմատելու, եզրակացություններ անելու մեր հերթն է։ Այդ թվում՝ քաղաքական և իրավական բնույթի»,- ընդգծել է նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդականը։
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չորեքշաբթի հայտնել է, որ Ռուսաստանն Ուկրաինային է փոխանցել պայմանագրի փաստաթղթի նախագիծը։
«Ռուսաստանը Ուկրաինային է փոխանցել հստակ ձևակերպումներով փաստաթղթի նախագիծ, գնդակը Կիևի դաշտում է»,-ասել է նա։
Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը սպասում է իր առաջարկների պատասխանին և մեղադրել ուկրաինական կողմին «գործընթացն ակտիվացնելու» ցանկություն չունենալու համար։










