Եթե կա 80 միլիոնանոց Թուրքիա և 3 միլիոնանոց Հայաստան, ապա յուրաքանչյուր հայ պետք է տասն անգամ ավելի աշխատի, որ կարողանանք հաջողություն գրանցել. Վարդան Ոսկանյան
Հայաստանում հասարակության հետ մանիպուլյացիաներ են արվում հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման թեմայով, դրանցից մեկն այն է, որ եթե բացվի Թուրքիայի հետ սահմանը, մարդիկ կսկսեն լավ ապրել: Այս մասին Ազատության հրապարակում ընթացող հանրային քննարկման ընթացքում ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Ըստ իրանագետի՝ իշխանությունները մարդկանց գիտակցության մեջ փորձում են ներդնել քարոզչական միֆ, որ եթե Թուրքիայի հետ կարգավորվեն հարաբերությունները, ապա ամեն ինչ շատ լավ կլինի, մինչդեռ նույն պահանջարկը կարող է բավարարել Իրանը։
«Հարց է ծագում՝ ինչո՞ւ Թուրքիայի հետ՝ հաշվի առնելով այն վտանգները, որոնք առկա են մեր տարածաշրջանում և որոնք բխում են Թուրքիայից»,- նշեց իրանագետը և հավելեց՝ ոչ մի երաշխիք չկա, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորվելուց հետ մարդիկ կսկսեն լավ ապրել։
Ըստ Վարդան Ոսկանյանի՝ քարոզչական մեկ այլ հնարք է գործի դրվում, երբ մարդկանց ասում են, որ պետք է հաշտվել իրողությունների հետ։ Նրա խոսքով՝ իրողությունների հետ հաշտվելու պարագայում ՀՀ-ն, ըստ այդ արատավոր տրամաբանության, պետք է գոյություն չունենար, որովհետև երբ ստեղծվել էր ՀՀ-ն, իրականությունն այնպիսին էր՝ ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, պատերազմ և այլն, որ այդ պայմաններում որևէ պետության ստեղծում, այդ արատավոր տրամաբանությամբ, չէր կարող տողի ունենալ:
«Բայց այդ պետությունն ստեղծվեց, որովհետև տեղի ունեցավ մի կարևոր հանգամանք՝ ոչ թե իրականության հետ հաշտվեցին, այլ փոխեցին այդ իրականությունը։ Մենք պետք է պատրաստ լինենք ազգովի, եթե կա 80 միլիոնանոց Թուրքիա և 3 միլիոնանոց Հայաստան, ապա յուրաքանչյուր հայ պետք է տասն անգամ ավելի աշխատի, քան դա անում են Թուրքիայում, որպեսզի մենք կարողանանք հաջողություն գրանցել»,– ասաց նա։










