Պատերազմի ընթացքում բազում բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել. Դավթյան

12:29 • 22.04.22

2021-ին վարույթում քննվել է 44-օրյա պատերազմում հանցագործությունների վերաբերյալ 2150 քրեական գործ, տարվա ավարտի դրությամբ քրեական հետապնդում է իրականացվել 800 անձի նկատմամբ։ Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«55 անձ արդեն իսկ այդ քրեական գործերով դատի է տրվել, ունենք համապատասխան դատավճիռներ: Ավարտված քրեական գործերով պարզվել է, ցավոք, որ պատերազմական գործողությունների ընթացքում մեր Զինված ուժերի ներկայացուցիչներ, բազում սպաներ, այդ թվում, բարձրաստիճան սպաներ մարտական ծառայության պարտականությունները պատշաճ չկատարելու դրսևորումներ են ունեցել, որոնցով այդ անձանց նկատմամբ ունեցել ենք քրեական հետապնդումներ, ունենք նաև դատի տրված անձինք, մնացյալ գործերով նախաքննությունը շարունակվում է», - ասաց Դավթյանը։

Գլխավոր դատախազը վստահեցրեց՝ նախանձախնդիր են այդ գործերով առավելագույնս օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու ու հանցավոր խախտումներ թույլ տված ու պատերազմի ցավալի ելքով պայմանավորված կամ այդ ելքին հանգեցրած հանցավոր խախտումներ թույլ տված յուրաքանչյուրի պատասխանատվությանը հասնելուն։

Ադրադառնալով Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործություններին՝ Դավթյանը նշեց, որ փաստագրված պատկերը հետևյայն է՝  Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, զինծառայողների կողմից թույլ են տրվել միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներ, կոնկրետ դեպքերում կանխամտածված թիրախավորվել են բնակավայրերը, քաղաքացիական անձինք, պատերազմ վարելու կանոններ են խախտվել, արգելված զինատեսակներ են կիրառվել, թիրախավորվել ու ոչնչացվել են հայկական պատմաշակութային արժեքներ:

Արթուր Դավթյանը նշեց՝ ձեռք բերված օբյեկտիվ փաստերը վկայում են այն մասին, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներից սկսած՝ Սիրիայի հանրահայտ ահաբեկչական խմբավորումների կողմից իրականացվել են վարձկանների հավաքագրումներ, ովքեր էլ Թուրքիա-Սիրիա պետական սահմանով տեղափոխվել են Թուրքիայի տարածք, ապա՝ Ադրբեջան:

«Լեռնային հատվածներում մարտ վարելու համար հատուկ պատրաստություն են անցել, հրահանգավորում են ունեցել սպանելու, խոշտանգելու քաղաքացիական բնակչությանը։ Մեր զինված ուժերին պատերազմի ժամանակ հաջողվել էր հայտնաբերել ու ձերբակալել 2 վարձկանի, ովքեր շատ մանրամասն ներկայացրել են այն ամենը, ինչի մասին խոսեցի», - հայտարարեց նա:

Նա նշեց՝ վերոնշյալ 2 վարձկաններ էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման. ընդհանուր առմամբ՝ այս պահի դրությամբ կա քրեական հետապնդման ենթարկված ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության շուրջ 60 ներկայացուցիչ։