Հայտնի է, թե ինչ է ասել Զելենսկին՝ տեղեկանալով ՌԴ ներխուժման մասին

13:24 • 22.04.22

Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է, որ ռուսական ներխուժումն Ուկրաինա սկսվել է ժամը 3:40-ին Լուգանսկի շրջանի Միլովոյի հատվածում, և առավոտյան մոտավորապես արդեն ժամը 5-ին հարձակումն ամենուր է եղել, գրում է pravda.com.ua-ն:

«Ներխուժումը սկսվել է ժամը 3:40-ին Լուգանսկի շրջան Միլովոյի հատվածում, բայց մենք կարծում էինք, որ նրանք մտնում են հենց Դոնեցկի և Լուգանսկի շրջանների տարածքով: Մենք կարծում էինք, որ նրանց նպատակը հանրապետությունների ճանաչումից հետո դրանք շրջանների սահմաններում գրավելն է: Բայց հետո ամենուր հարձակում սկսվեց։ Ես անմիջապես գնացի նախագահի մոտ, Դենիս Մոնաստիրսկին արդեն այնտեղ էր, ես երկրորդը տեղ հասա։ Վլադիմիր Ալեքսանդրովիչը (Զելենսկին) սպիտակ վերնաշապիկով էր... «Դե ինչ, կկռվենք»», - վերհիշել է Դանիլովը:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: