Մայր հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից. թույլ չենք տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով քայքայի համահայկական մեր ճակատը. Իշխան Սաղաթելյան

20:29 • 23.04.22

Այսօր այստեղ ենք՝ մեր հիշողությանը տեր կանգնելու, Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու, այլևս երբեք նոր ցեղասպանություն թույլ չտալու համար։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով`այս իշխանությունը, կատարելով թուրքական նախապայմանները, ցանկանում է հրաժարվել համահայկական պայքարից, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման հանձնառությունից, Արցախից:

«Փուչ ու դատարկ են սրանց հավաստիացումները լավ ապագայի, տնտեսական շահի, խաղաղության դարաշրջանի վերաբերյալ։ Թշնամին նույնն է, նույն նպատակներով։ Նույն թուրք-ադրբեջանական տանդեմն էր, որ 2020-ին Արցախում փորձեց նոր Ցեղասպանություն իրականացնել։

Հիմա մեր երթով, այս միասնականությամբ փաստում ենք, որ չեն հաջողելու։ Չենք թույլ տալու, որ այս իշխանությունը իր կործանարար քայլերով քայքայի համահայկական մեր ճակատը, մեր անվտանգությունը, պետականությունը, Արցախը, հայոց Հիշողությունը»,- ասաց Սաղաթելյանը և հավելեց, որ սա դիմադրության վճռական երթ է։

«Այս հրապարակից մեր տասնյակ հազարավոր ջահակիրների անունից դիմում եմ միջազգային հանրությանը՝ սա է հայկական կամքը, հայ ժողովրդի դիրքորոշումը, ոչ թե փակ դռների ետևում զիջումի պատրաստ Հայաստանի անունից հանդես եկողի լռությունն ու թուրքական պահանջների կատարման պատրաստակամությունը։

Այս հրապարակից դիմում եմ հայկական Սփյուռքում ապրող, հայկականությունը պահպանող մեր հայրենակիցներին. այս ջահերը, տասնյակ հազարավոր հայաստանցիների ներկայությունը փաստում են, որ մեր իրավունքների պաշտպանությունը, Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարը դադար չի առնելու։

Դիմում եմ Արցախի Հանրապետության մեր հայրենակիցներին. մեր վճռական ներկայությունը, զինվորագրումը գրավական ու ապացույցն է, որ դուք մենակ չեք։ Մայր Հայրենիքը ձեռքերը չի լվացել Արցախից։ Սա է հայության կարծիքն ու որոշումը, ոչ թե մի քանի իշխանավորների թուրքական թեզերով հայտարարությունները»,- նշեց ԱԺ փոխխոսնակը:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց, որ երեկ ինքը հայտարարել է՝ գնալու են մինչև վերջ։ «Հեռացնելու ենք աղետաբեր այս իշխանությանը։ Վերականգնելու ենք մեր արժանապատվությունը։ Հանուն սրբադասված մեր նահատակների։ Հանուն Հայաստանի, Հանուն Արցախի, հանուն հայկական նոր զարթոնքի»,- ասաց նա։