Եթե կարողանայի կանխատեսել այս ողջ արհավիրքը, գուցե 2018-ին այլ կերպ գործեի. Սերժ Սարգսյան (տեսանյութ)

20:00 • 23.04.22

Ցավում եմ, բայց կարծում եմ, որ 2018-ին տվածս մաղթանքն այսօր էլ ավելի արդիական է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով դիտարկմանը, որ 2018-ին իր հրաժարականի տեքստում երկրին մաղթել էր խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն, և հարցին՝ ինչ կմաղթի այսօր:

Դիտարկմանը, որ 2018-ի այս օրը ժողովուրդը ցնծում էր հրապարակում, Սարգսյանը պատասխանեց. «Կցանկանայի, որ այսօր էլ մեր ժողովուրդը ցնծար հրապարակում, ցնծար, որ կառուցել է ավելի լավ երկիր, ավելի բարեկեցիկ Հայաստան, ավելի հզոր բանակ, ավելի ապահով Արցախ, բայց ցավոք սրտի այսօր 2018 թվականին ցնծացող ժողովուրդը հիմա ողբում է: Ես հիմա ավելի շատ ցավ եմ ապրում, քան 2018 թվականի այս օրը»:

Հարցին՝ չի փոշմանել, որ 2018-ին ուժ չի կիրառել, ՀՀ ե3-րդ նախագահը նշեց՝ չի փոշմանել:

«Բայց եթե կարողանայի կանխատեսել այս ամբողջ արհավիրքը, միգուցե 2018-ին այլ կերպ գործեի: Իրոք չեմ փոշմանել, որ մեր խաբված ժողովրդի դեմ ուժ չեմ կիրառել: Կցանկանայի, որ այսօր էլ 2018-ի այդ ժողովուրդը նույն պահանջատիրությամբ հանդես գար: Այն ժամանակվա ոգեվորությունը վերածվել է հիասթափության, բայց մեր թիմը, ողջախոհ մարդիկ պահանջատեր լինելուց առաջ հայրենասեր են, և ցանկացած պարագայում մենք կանգնելու ենք մեր ժողովրդի, պետականության կողքին: