Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր պետականությունը, իրենք մեր զինակիցներն են. մենք գործում ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով. Իշխան Սաղաթելյան
Գնում ենք մինչև վերջ՝ այս իշխանություններին օր առաջ հեռացնելու: Այս մասին մեկնարկած իրազեկման ակցիայի ընթացքում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղթելյանը:
«Վաղը ժամը 11:30 Տիգրանաշենից Երևան կշարժվի մեր մյուս խումբը, ապա՝ Սարդարապատից և Բաշ Ապարանից մեր արժանապատիվ հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Այդ ընթացքում մենք Երևանում կազմակերպելու ենք բողոքի ակցիաներ, երթեր, ցույցեր: Առաջիկա 5 օրերի ընթացքում մեր նպատակն է Հայաստանում ժողովրդին ոտքի կանգնեցնել»,- ասսաց Սաղաթելյանը և հավելեց, որ մայիսի 1-ին ունենալու են մեծ հանրահավաք:
«Մենք շատ ժամանակ չունենք մինչև վեր, վճռական կամքով գնում ենք առաջ: Որոշում ենք կայացրել պայքարը իրականացնել ցանցային և ապակենտրոն: Այսինքն մենք գործում ենք մեկ գաղափարախոսությամբ, բայց ապակենտրոն ձևով: Բոլոր նրանք, ում համար թանկ է մեր պետականությունը, իրենք մեր զինակիցներն են, մեր ընկերները, այս պայքարի առաջամարտիկն են»,- իր ելույթում նշեց Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկում են Արցախի փրկության և իշխանափոխության պահանջով իրազեկման գործողությունները: Իրազեկման գործողությունները մայրաքաղաքում մեկնարկում են Կոմիտասի պողոտայից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանում մի շարք բողոքի ակցիաներ են տեղի ունեցել: ՀՅԴ-ական երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտա-Վաղարշյան փողոց խաչմերուկը: Այս հատվածից բերման է ենթարկվել 4 քաղաքացի:
Այսօր իրականացվել է նաև «Ուսանո՛ղ, զարթնի՛ր» խորագրով ակցիան բուհերի դիմաց: Երիտասարդները, ձեռքում պահելով վերոնշյալ գրությամբ պաստառները, թվով 15 բուհերի դիմաց ուսանողներին հորդորում էին միանալ համընդհանուր պայքարին։
Քիչ առաջ բողոքի ակցիա էր տեղի ունենում նաև Երևանում ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց: Այդ հատվածից բերման է ենթարկվել 11 քաղաքացի:










