ՌԴ ԱԳՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 287 բրիտանացի պատգամավորի նկատմամբ. Ջոնսոնը դա «պատվի նշան» է որակել
Բրիտանացի պատգամավորները, որոնք հայտնվել են Ռուսաստանի սահմանած պատժամիջոցների տակ, պետք է դա ընդունեն «որպես պատվի նշան»։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանի Համայնքների պալատում (ստորին պալատում), գրում է ՏԱՍՍ-ը:
«Ես չեմ ուզում անարգել նրանց, ովքեր պատժամիջոցների տակ չեն ընկել, բայց այդ 287 պատգամավորները պետք է պատժամիջոցները համարեն որպես պատվո նշան։ Մենք շարունակելու ենք հզոր, սկզբունքային օգնություն ցուցաբերել ուկրաինացի ժողովրդին, որն իրացնում է ինքնապաշտպանության իր իրավունքը։ Այս աշխատանքը, իմ կարծիքով, ստացել է ողջ Համայնքների պալատի աջակցությունը»,- ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ Մոսկվան անձնական սահմանափակումներ է մտցրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 287 պատգամավորների նկատմամբ՝ ի պատասխան Պետդումայի պատգամավորների դեմ բրիտանական պատժամիջոցների։ Ցուցակում ընդգրկված անձանց թվում է Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Լինդսի Հոյլը։










