400. 000 դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչներ այս պահին չկան, բայց կլինեն. ԿԳՄՍ նախարար

11:45 • 28.04.22

Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը միշտ եղել է մեր օրակարգում: Այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը նշել է՝ մի խումբ ուսուցիչներ դիմել են ու ասել, որ բոլորի աշխատավարձն են բարձրացրել՝ նկատի չունենալով, թե այդ ուսուցիչը ինչ որակներ ունի:

«Մտածում էինք, որ ոչ թե մենք որոշենք՝ ինչքան է ուսուցչի աշխատավարձը, այլ՝ ուսուցիչն ինքը որոշի ու, ի վերջո, պլանավորեցինք, 2021 թվականի գարնանից սկսեցինք բարեփոխումը և ուսուցիչներին հնարավորություն տվեցինք, որ նրանք կամավոր ատեստավորվեն», - ասել է նա:

Վարչապետը նշել է, որ նախորդ տարի ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը մայիսի 1-ից կբարձրանա:

Փաշինյանը խոսել է նաև դպրոց տանող ճանապարհների մասին՝ նշելով՝ պետք է երեխաները «դարուփոս» ճանապարհով դպրոց չգնան:

«Սա մեր ամենակարևոր բարեփոխումներից մեկն է, առաջիկայում շատ բարդ քննարկումներ ենք ունենալու», - ասել է նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հետաքրքրվել է, թե կա՞ն ուսուցիչներ, որ մայիսի 1-ից 400 հազար դրամ աշխատավարձ կստանան, որին ի պատասխան՝ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ասել է. «Այս պահին չկան, բայց կլինեն»: