«Հավաքված աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, ուրիշ ոչ մի այլ տեղ». Փաշինյանը՝ ապրիլի 30-ին անցկացվելիք համապետական շաբաթօրյակի մասին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կառավարության նիստում նշել է, որ ապրիլի 30-ին հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ:
«Վերջին տարիներին՝ 2020 և 2021 թթ.-ներին, ՔՈՎԻԴ-ով պայմանավորված համապետական շաբաթօրյակ չի կազմակերպվել: Առիթից օգտվելով ուզում եմ մեր հայրենակիցներին և գործընկերներին հորդորել ակտիվ ներգրավվել առաջիկա շաբաթօրյակի աշխատանքներում», -ասել է նախարարը՝ հավելելով, որ առկա է համապետական շաբաթօրյակի անցկացման հստակ սխեմա:
Անրդրադառնալով թեմային՝ վաչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել շաբաթօրյակի ընթացքում հավաքված աղբն աղբավայրեր տեխափոխելու հարցը: «Մենք շատ հաճախ հետևյալ երևույթի հետ ենք բախվում, երբ աղբը մի վայրից հավաքում և տեղափոխում ենք մեկ այլ վայր: Մենք աղբավայրերի և կոշտ թափոնների կառավարման խնդիր ունենք: Ես կարևոր եմ համարում նման երևույթների բացառումը՝ շաբաթօրյակի արդյունքում հավաքված աղբը պետք է տեղափոխվի միայն աղբավայր, ուրիշ ոչ մի այլ տեղ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը հավաստիացրել է, որ կարվի հնարավորը նման դեպքերը բացառելու ուղղությամբ:










