Արթուր Վանեցյանն աջակիցների հետ ակցիա էր իրականացնում Երևանում (տեսանյութ)
Արթուր Վանեցյանի գլխավորությամբ քայլերթը մեկնարկել էր ժամը 19:00-ին Ազատության հրապարակից։
Քայլերթի մասնակիցներն անցել են Թումանյան, Խանջյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի փողոցներով, Հանրապետության հրապարակով, Սախարովի հրապարակով, Նալբանդյան փողոցով, որից հետո վերադարձել Ազատության հրապարակ:
«Երկար չենք քայլելու: Եվս երկու օր, և կանցնենք մեր պայքարի հաջորդ փուլին»,-ասել է Վանեցյանը՝ հորդորել է չհոգնել, չհուսահատվել:
Երթի ավարտին միջադեպ է տեղի ունեցել Հյուսիսային պողոտայում։ Ոստիկանների և ցուցարարների միջև քաշքշուկ է սկսվել։
«Ժողովուրդ ջան, չենք տրվում սադրանքներին, որևէ մեկը ոստիկանի հետ չի ընդհարվում։ Ոստիկաննե՛ր, պահե՛ք ձեզ ձեր լիազորությունների շրջանակում։ Եկեք փաստենք մի բան․ մենք ուժեղ ենք, սադրանքներին չենք տրվում։ Համբերեք, ամեն ինչ լավ է լինելու։ Հիմա բոլորս գնում ենք Ազատության հրապարակ»,– հայտարարել է Արթուր Վանեցյանը։
Այնուհետև Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանների պահվածքը խոսում են այն մասին, որ նրանք սադրում են։
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանն ասել է, որ ոստիկանները քաշքշում էին իրենց ակտիվիստներին, փորձում հարվածներ հասցնել նրանց այնպես, որ չերևա․ «Այսինքն՝ խուլիգանավարի էին իրենց պահում»։










