Երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների. ՀՀ-ում տեղի է ունենում պետության կուսակցականացում. Արման Թաթոյան (տեսանյութ)

17:18 • 30.04.22

Վաղուց էի ուզում հանրային քննարկում անցկացնել, բայց որպես մարդու իրավունքների պաշտպան իմ կարգավիճակը թույլ չէր տալիս, որ  հանրության հետ երկխոսության միջոցով քննարկենք խնդիրներն ու  առաջարկենք լուծումները։  Այս մասին ասել է ՀՀ նախկին ՄԻՊ  Արման Թաթոյանը, ով հանրային քննարկում է կազմակերպել Երևանի Մարտիրոս Սարյանի անվան պուրակում:

«Մենք բոլորս կանգնած ենք օրհասական մարտահրավերների առաջ՝ սկսած երկրի կառավարման խորքային խնդիրներից մինչև անվտանգության հարցեր»,- նշել է նա՝ հավելելով, որ մեր երկրում ներքին համերաշխություն այլևս չկա, ժողովուրդը պառակտված է։

Արման Թաթոյանը լուրջ խնդիրներ է տեսնում երկրի ներսում կառավարման առումով.

«Արտաքին թշնամուն թողած՝ երկրի ներսում ժողովրդին բաժանել են սևերի ու սպիտակների, նախկինների ու ներկաների։ Հայաստանի Հանրապետությունում այսօր տեղի է ունենում պետության պարզապես կուսակցականացում, իշխանությունը գտնվում է մեկ քաղաքական ուժի ձեռքում, պետական մարմինները ծառայեցվում են մեկ կուսակցության շահերին, պետական ինստիտուտներն օգտագործվում են այդ քաղաքական ուժի հնարավարությունը մեծացնելու համար»: