«Դիմադրության» շարժման երթը և հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում (տեսանյութ)

18:08 • 02.05.22

Այսօր՝ մայիսի 2-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի է ունեցել «Դիմադրության» շարժման հանրահավաքը։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ այսօր վաղ առավոտից իրականացված անհնազանդության ակցիաների ընթացքում պաշտոնական տվյալներով բերման է ենթարկվել 244 քաղաքացի, սակայն իրականում այդ թիվն ավելին է՝ շուրջ 300 հոգի։

Իշխան Սաղաթելյանը նաև հայտնեց, որ բերման ենթարկված քաղաքացիները հիմնականում ՝ 99 տոկոսով, արդեն ազատ են արձակվել։

Սաղաթելյանի խոսքով՝ Փաշինյանը Հայաստանում ունի մեկ հենարան՝ ոստիկանությունը։

Նա նաև նշեց, որ իրենց խնդիրը ոչ թե ոստիկանության հետ է, այլ ոստիկանության որոշ աշխատակիցների, որոնք բացահայտ բռնություն են կիրառում քաղաքացիների նկատմամբ։

Իշխան Սաղաթելյանը միջազգային հանրությանը՝ Հայաստանում հավատարմագրված դեպանատներին, կոչ արեց համարժեք արձագանքել և օբյեկտիվ գնահատական տալ իրավապահ համակարգի կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնության դեպքերին։

Նա անդրադարձավ նաև Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանից հանրության ակնկալիքներին, որոնք առնչվում են նրա բուն պարտականությունների կատարմանը։

«Հայաստանում գոյություն ունի մարդու իրավունքների պաշտպան։ Երբ նա ընտրվում էր, խորհրդարանական երկու խմբակցությունները հայտարարեցին, որ նա, ըստ էության, Նիկոլի պաշտպանն է, ոչ թե մարդու իրավունքների։ Այս օրերին դա ակնհայտ ապացուցվում է։ Մարդու իրավունքների պաշտպանը դեռ շանս ու հնարավորություն ունի ասելու, որ նման ինստիտուտ կա Հայաստանում։ Այդ պահանջը մենք ներկայացնում ենք և սպասում ենք արձագանքի»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հանրահավաքի ավարտին հանրահավաքի մասնակիցները քաղաքի կենտրոնով երթ անցկացրին՝ կրկին փակել ճանապարհները և վերադարձան Ֆրանսիայի հրապարակ։