Թրամփը կարծում է, որ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության իրականացումը հնարավոր դարձավ Բայդենի թուլության պատճառով

07:58 • 02.05.22

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը թուլություն ու անկոմպետենտություն է ցուցաբերել Ուկրաինայի հարցում։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, նա ասել է կիրակի՝ մայիսի 1-ին, Նեբրասկա նահանգում իր կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ։

Թրամփի կարծիքով՝ Ռուսաստանը որոշել է Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնել այն բանից հետո, ինչ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերել Աֆղանստանից։

«Իմ օրոք նրանք երբեք դա չէին անի», - հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահը՝ շեշտելով, որ ՌԴ ղեկավարությունը տեսել է Բայդենի թուլությունն ու անկոմպետենտությունը, ինչն իր նախագահության օրոք երբեք տեղի չէր ունենա։

Նա նաև նշել է, որ ներկայիս ղեկավարության օրոք Միացյալ Նահանգները կորցրել է էներգետիկ անկախությունն ու ստիպված է եղել «գթություն խնդրել» Ռուսաստանից ու ՕՊԵԿ-ից։

Նրա խոսքով անգամ հինգ վատագույն նախագահներն ԱՄՆ պատմության ընթացքում այդքան վնաս չեն հասցրել երկրին, որքան Բայդենն ընդամենը 16 ամսում։

«Սա կատարյալ ձախողում էր, հսկայական ձախողում։ Ուշադրություն դարձրեք փաստերին», - նշել է Թրամփը՝ հավելելով, որ իր շնորհիվ ԱՄՆ-ն  էներգետիկ անկախություն ուներ։