Այս ամենը մենք տեսել ենք ղարաբաղյան պատերազմում. Զելենսկու գրասենյակը չի բացառել, որ Իսրայելը կարող է զենք մատակարարել Ուկրաինային
Իսրայելը կարող է սկսել զենք մատակարարել Ուկրաինային: Դա կարող է տեղի ունենալ ոչ ուղղակիորեն, այլ երրորդ երկրների միջոցով: Այս մասին Մարկ Ֆեյգինին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը, գրում է news.liga.net-ը։
Նա չի բացառել, որ ռուս-իսրայելական դիվանագիտական սկանդալի ֆոնին Իսրայելը կարող է սկսել օգնել Ուկրաինային, գուցե ոչ ուղղակիորեն, այլ երրորդ երկրների միջոցով։ Նրա կարծիքով՝ Իսրայելն ունի շատ զինատեսակներ, որոնք ՆԱՏՕ-ն չի կարող փոխանցել Ուկրաինային։
«Այս ամենը մենք տեսել ենք ղարաբաղյան պատերազմում, սա օգտագործվել է ադրբեջանական բանակի կողմից, օրինակ՝ կամիկաձե անօդաչու թռչող սարքերը, ինչպիսին Harop-ն է կամ Harpy-ն:Կա, օրինակ, Spike հակատանկային կառավարվող հրթիռ, որն օպերատորին թույլ է տալիս փոխել հետագիծը թռիչքի ընթացքում, վերաուղղորդել այն. հարվածում է մի տանկին, հետո մյուսին: Ղարաբաղից այսպիսի շատ պատկերներ ենք տեսել։ Եվ շատ ու շատ այլ բաներ՝ անօդաչու թռչող սարքեր, հակատանկային զենքեր և այլն»,- ասել է Արեստովիչը։
«Իսրայելը, եթե ցանկանա, Լավրովի խոսքերին արձագանքելու բան ունի»,- ասել է Արեստովիչը։
Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իտալական Mediaset հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, մասնավորապես, ասել էր.«Նա (Զելենսկին) առաջ է քաշում հետևյալ փաստարկը.«Ի՞նչ նացիզմ կարող մեզ մոտ լինել, երբ ես հրեա եմ»: Ես, եթե ճիշտ եմ հիշում, վախենում եմ սխալվել, բայց կարծես թե Հիտլերը ևս հրեական արյուն ուներ: Դա բացարձակապես ոչինչ չի նշանակում։ Եվ մենք վաղուց լսել ենք, որ իմաստուն հրեա ժողովուրդն ասում է, որ ամենամոլի հակասեմականները սովորաբար հրեաներն են: Ինչպես ասում են՝ գյուղ չկա, որ շուն չլինի...»:
Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդն ասել է, որ «Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հայտարարությունները ոչ միայն աններելի են և զայրացուցիչ, այլև սարսափելի պատմական սխալ: Հրեաներն իրենց չեն սպանել Հոլոքոստի ժամանակ: Հրեաներին հակասեմականության համար մեղադրելը հրեաների նկատմամբ ռասիզմի ամենացածր մակարդակն է»։
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը ևս մեկնաբանել է Լավրովի խոսքերը «Հիտլերի հրեական արյան» մասին:
«Անհրաժեշտ է անհապաղ դադարեցնել Հոլոքոստի թեման որպես քաղաքական պայքարի և փոխադարձ հարձակումների միջոց օգտագործելը, նրա (Լավրովի) խոսքերը իրականությանը չեն համապատասխանում և ըստ էության անընդունելի են: Նման ստերի նպատակն է փորձել մեղադրել հրեաներին հենց հրեաների դեմ ամենասարսափելի հանցագործություններ կատարելու համար և մեր ժողովրդին հալածողներին ազատել պատասխանատվությունից»,- ասել է վարչապետը։










