Երկրագունդը կարող է պոկվել ուղեծրից, և մենք կթռչենք հայտնի չէ, թե ուր. Լուկաշենկոն՝ միջուկային պատերազմի մասին

18:16 • 05.05.22

Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի հետ գլոբալ հակամարտության չի ձգտում։ Լուկաշենկոյի հարցազրույցը Associated Press-ին հրապարակված է նրա կայքում։ 

«Ամենայն հավանականությամբ, նա (Պուտինը) չի ցանկանում գլոբալ բախում ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Լուկաշենկոն`արևմտյան երկրներին կոչ անելով «օգտվել դրանից և անել ամեն ինչ, որպեսզի դա տեղի չունենա»։

Լուկաշենկոն նաև անընդունելի է անվանել միջուկային զենքի օգտագործումն ուկրաինական հակամարտության ընթացքում։ 

«Եվ նաև այն պատճառով, որ այն մեր կողքին է։ Մենք օվկիանոսից այն կողմ չենք, ինչպես Միացյալ Նահանգները: Ընդհանրապես անընդունելի է, քանի որ մեր երկրագունդը կարող է պոկվել ուղեծրից, և մենք կթռչենք հայտնի չէ, թե ուր»,- ընդգծել է նա։

Ավելի վաղ Լուկաշենկոն ասել էր, որ բելառուսական բանակը չի մասնակցել հատուկ գործողությանը: