Զելենսկին ստորագրել է ազգային օրենսդրության «ապախորհրդայինացման» մասին օրենքը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է ազգային օրենսդրության «ապախորհրդայինացման» մասին օրենքը։ Այս մասին ուրբաթ հայտարարել է Գերագույն ռադայի խոսնակ Ռուսլան Ստեֆանչուկը։
«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է «Ուկրաինայի օրենսդրության ապախորհրդայինացման մասին» օրենքը։ Շնորհակալ եմ իմ բոլոր գործընկերներին՝ ժողովրդական պատգամավորներին, որոնք օգնեցին մշակել այս օրենքը և կողմ քվեարկեցին դրա ընդունմանը»,- գրել է նա Facebook-ում։
Խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ այժմ ուկրաինական օրենսդրությունում ոչ մի հիշատակում չկա «Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակների» մասին, ոչ էլ հղումներ Կոմկուսի մշակած ծրագրերին։
«Մաքրվել են ԽՍՀՄ և Ուկրաինական ԽՍՀ պետական իշխանության և կառավարման մարմինների գրեթե 1200 ակտեր, հանձնարարական է տրվել Ուկրաինայի Նախարարների կաբինետին՝ մոտ ապագայում նույնն իրականացնել իր մակարդակով»,- հավելել է նա:
Ուկրաինայի կառավարությանը հանձնարարվել է նաև մշակել աշխատանքային, վարչական նոր օրենսգրքեր։










