Ուկրաինայում հակամարտության ֆոնին Javelin-ի արտադրությունը կկրկնապատկվի
Javelin հակատանկային հրթիռային համակարգեր արտադրող Lockheed Martin ընկերությունը հայտարարել է տվյալ զինատեսակի արտադրությունը կրկնապատկելու ծրագրերի մասին։ Այս մասին CBS-ին տված հարցազրույցում ասել է ընկերության ղեկավար Ջիմ Թայքլեթը։
Ներկայում գործարանների հզորությունը գնահատվում է տարեկան 2100 միավոր, սակայն ակնկալվում է, որ արտադրությունը կհասնի 4000-ի։
Թայքլեթը նշել է, որ գործընթացը կարող է տևել մի քանի ամսից մինչև երկու տարի: Նա նշել է, որ ընկերությունը ներկայում գնում է անհրաժեշտ գործիքներ, աշխատում է մատակարարների հետ և ֆինանսավորում արտադրության ընդլայնումը։
Lockheed Martin-ի ղեկավարը հավելել է, որ ժամանակակից զենքերը, ինչպիսիք են Javelin-ը կամ Stinger շարժական հակաօդային պաշտպանության համակարգը, պահանջարկ կունենան նույնիսկ Ուկրաինայի շուրջ հակամարտության ավարտից հետո, ուստի ընկերությունը չի վախենում, որ իր արտադրանքն ավելորդ կլինի:
Թայքլեթը նշել է, որ աշխարհում դեռ կան մի շարք կոնֆլիկտային շրջաններ, ինչպիսիք են Իրանը կամ Հյուսիսային Կորեան։
«Ուստի մենք ցանկանում ենք համոզվել, որ կարող ենք ինչ-որ բան ապահովել մեր դաշնակիցներին և մեր երկրին, ինչը պետք է նրանց պաշտպանության համար»,- եզրափակել է նա։










