Մարդիկ վայրենանում են զանգվածային հակառուսական քարոզչությունից. Լեհաստանում ՌԴ դեսպանը՝ իր վրա ներկով հարձակման մասին

16:00 • 09.05.22

Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը հայտարարել է, որ լուրջ վնասվածքներ չի ստացել Վարշավայում հարձակման հետևանքով։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Մենք դեռ պետք է դա պարզենք: Միգուցե ինչ-որ քերծվածք լինի, բայց ո՛չ ես, ո՛չ թիմը լուրջ բան չունենք»,- ասել է Անդրեևը ռուսական լրատվամիջոցների լրագրողներին:

Նա ընդգծել է, որ միջադեպը հակառուսական համատարած ապատեղեկատվության արդյունք է։

«Մարդիկ վայրենանում են ուկրաինական և արևմտյան զանգվածային քարոզչության, ապատեղեկատվական պատերազմի, «ֆեյքերի» ազդեցության տակ։ Կան կեղծիքներ, որոնք արդեն բազմիցս բացահայտվել և հերքվել են, բայց մարդիկ սրանից կախվածություն ունեն և ոչ մի բանի չեն արձագանքում»,- ասել է դեսպանը:

Հիշեցնենք, որ Լեհաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Անդրեևը երկուշաբթի հարձակման է ենթարկվել, երբ փորձել է ծաղիկներ դնել Վարշավայի Ժվիրկի և Վիգուրա փողոցներում գտնվող խորհրդային զինվորների հուշահամալիրի մոտ։

Ռուսաստանի Դաշնության դեսպանին, նրա կնոջը և ուղեկցող մի խումբ դիվանագետների վրա կարմիր ներկ են լցրել և թույլ չեն տվել գնալ հուշահամալիր։ Մի քանի րոպե անց դեպքի վայր ժամանած ոստիկանները շրջափակել են դիվանագետներին ու օգնել հասնել մեքենային: