Իշխանափոխությունից հետո «Հարսանիք լեռներում»-ը գաղափարական առումով անհնարին է․Սեյրան Օհանյան
Շուշիի ազատագրումը հիմք հանդիսացավ համազգային ոգևորության և հետագա հաղթանակների, այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակում էինք գտնվում։ Իրավիճակը այսօր այլ է․ 2020թ-ի 44-օրյա պատերազմից հետո Եռատոնը խլեցին մեզանից։
Այս մասին «Հաղթանակի» զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Վերջինս նշեց, որ տեղի ունեցածից պետք է հետևություններ անել և դասեր քաղել։
«Ամենամեծ դասն այն է, որ պետական կառավարման համակարգը չի կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերի վրա, օրենսդիր իշխանությունը չի կարողացել համախմբել և համապատասխան վերահսկողություն իրականացնել։ Բավականին թերություններ է եղել իրավական ոլորտում, դատաիրավական համակագի մոտ բացակայել է օրինականություն ու կարգուկանոն հաստատելու վճռականությունը։
Եթե այսօրվա իշխանություններըև չեն ցանկանում այս ամենից դասեր քաղել, ապա ժողովուդը պետք է ստիպի դա անել, չանելու դեպքում՝ հեռացնի նրանց։ Մեր «Դիմադրության» շարժումը ուղղված է հենց Եռատոնը, նախկին ոգին ու հաղթանակները վերականգնելուն։
Իշխանությունները շարունակում են պարտությունների շարանը փաթաթել հայ ժողովրդի վզին, շարունակում են ասել, որ պետք է գնանք խաղաղության մեր հայատյաց հարևանների հետ»,- ասաց Օհանյանը։
Հարցին՝ իշխանափոխությունից հետո Շուշին, Հադրութը հետ բերել, «Հարսանիք լեռներում» իրականացնել հնարավո՞ր է, Օհանյանը նշեց․
«Իշխանափոխությունից հետո «Հարսանքի լեռներում, գաղափարական և հարաբերական առումով, անհնարին է։ Հետագա հաջողությունները և հաղթանակները կբերեն այն իրավիճակին, որ կվերականգնենք մեր ժողովրդի հաղթական ոգին, աստիճանաբար, համապատասխան գործողությունների արդյունքում պետք է վերականգենք բանակը և ուժային կառույցները»։










