Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել․ ԱՀ դատախազություն

21:45 • 10.05.22

Այսօր, երեկոյան ժամը 19:10-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում տեղի էր ունեցել հրաձգություն: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

Այս պահին ԱՀ ոստիկանության կողմից իրականացվում է դեպքի վայրի պահպանություն, դեպքի կապակցությամբ քրեադատավարական ստուգում իրականացնելը դատախազության կողմից հանձնարարվել է ԱՀ քննչական կոմիտեին: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական մյուս գործողությունները:

Անդրադառնալով դեպքի շուրջ շրջանառվող օբյեկտիվ և կամ սուբյեկտիվ մեկնաբանություններին ու գնահատականներին, պարզաբանում ենք, որ դատախազությունը հիշյալ դեպքի շուրջ ապահովելու է լիարժեք դատախազական հսկողություն և գործադրվելու է դատախազական ներգործության ողջ գործիքակազմը՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն ապահովելու համար:

ԱՀ ոստիկանությունից էլ հայտնում են, որ մայիսի 10-ին ժամը 19:05-ին ոստիկանության հերթապահ մասում քաղաքացու կողմից հաղորդում է ստացվել, որ «Վերածննդի հրապարակում» անհայտ անձը ինքնաձիգով կրակել է ավտոմեքենայի ուղղությամբ:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 18:55-ի սահմաններում, Վերածննդի հրապարակի հարակից «Արցախի ազատամարտիկների միության» վարչական շենքի դիմացի հատվածում Ստեփանակերտ քաղաքի 22-ամյա Մ.Կ-ին պատկանող «BMW» ավտոմեքենան նույն վայրում կայանելու համար վիճաբանություն է առաջացել վերջինիս և Ստեփանակերտ քաղաքի 60-ամյա բնակիչ Ս.Կ-ի միջև։

Այնուհետև խոսակցությանը միջամտել են Վ.Կ.-ի ընկերներ` Ա. Յ.-ն (ծնված 2000թ.), Մ.Ա.-ն (ծնված 2005թ.) և Գ. Ա.-ն (ծնված 2000թ.), որի ընթացքում վերջիններս ավտոմեքենայով հեռանալու ժամանակ Ս.Կ.-ն նույն վայրում կայանված իր ավտոմեքենայի բեռնախցիկից հանել է ինքնաձիգը և 2 անգամ կրակ արձակել «BMW» ավտոմեքենայի ուղղությամբ, որից մեկը դիպչել է ավտոմեքենայի հետևի ձախ դռանը: