Yerevan Tech Forum-ի ընթացքում ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը կքննարկեն ստարտափերի ապագան, ոլորտում ներդրումների ներգրավումը և Երևանը տեխնոլոգիական նոր կենտրոն դարձնելը․ Skill.am–ի հիմնադիր

13:53 • 10.05.22

Tert.am-ը Skill.am–ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցի հետ խոսել է մայիսի 21–ին կայանալիք  Yerevan Tech Forum 2022–ի գաղափարի, միջոցառման ու այլ հարցերի մասին։ 

-Պարոն Ուսնունց, Skill.am-ն այս ամիս իրականացնելու է բավական մասշտաբային մի միջոցառում՝  Yerevan Tech Forum 2022-ը: Խնդրում եմ պատմել, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այն և ովքե՞ր են լինելու առանցքային բանախոսները: 

 - Մայիսի 21-ին տեղի կունենա առաջին Yerevan Tech Forum-ը, որի ստեղծման գաղափարով էլ ցանկանում եմ կիսվել։ Բոլորին հայտնի փետրվարյան իրադարձություններից հետո տեխնոլոգիական ոլորտի կյանքը լրջորեն փոխվեց, մեր երկրում` ևս։ Հայաստանը դարձավ ռելոկացիայի մեջ գտնվող բազմաթիվ բիզնես կառուցվածքների, ինչպես նաև մի շարք ՏՏ, կրեատիվ, մարքեթինգային ոլորտի մասնագետների, ֆրիլանսերների և տեխնոլոգիական ոլորտի հարակից բիզնեսների կենտրոններից մեկը։ Հայաստան ժամանեցին մեծաթիվ ընկերություններ, այդ թվում՝ համաշխարհային անուն ունեցող։ Հայաստանում գրասենյակներ բացեցին այնպիսի ընկերություններ, ինչպիսին են՝ Miro, Yandex, Semrush, NVIDIA, ManyChat և այլն:

 Մարտի սկզբում Հայաստանում տեղի ունեցան մի շարք միջոցառումներ, որոնց մեծ մասը ուներ հստակ ուղղվածություն, իսկ ավելի կոնկրետ՝ լուծում էին հաղորդակցության, բիզնես սկսելու, բիզնեսի գրանցման, բանկային հաշիվների բացման և կենցաղային խնդիրներ, քանի որ մարդկանց մեծ մասին անհրաժեշտ էր շատ շտապ և կարճ ժամկետներում գտնել բնակության վայր, գրասենյակային տարածքներ, տեղավորել երեխաներին մանկապարտեզներում, դպրոցներում։ 

Մենք, մասնակցելով այդ միջոցառումներին, հասկանում էինք, որ այդ մարդկանց հաջորդ քայլը տեղական բիզնես միջավայրում ինտեգրացիան է։ Բնականաբար այս ամենը անդրադարձավ նաև մեր տեղական ՏՏ ոլորտի վրա, քանի որ առաջացան շատ հարցեր, որոնցից հիմականներն են՝ այս գործընթացների ազդեցությունը տեղական աշխատաշուկայի, ստարտափ էկոհամակարգի և ներդրումների վրա։ Հնարավորությունների կողքին այս գործընթացները իրենց մեջ կրում են մեծաթիվ մարտահրավերներ։ 

-Որոնք են լինելու հիմնական գաղափարները, որոնք քննարկվելու են ֆորումի ընթացքում:

-Վերոնշյալ իրադարձություններն ու գործընթացներն էլ հիմք հանդիսացան միջոցառման օրակարգի ձևավորման համար, որն ահա այս տեսքն ունի․

Yerevan Tech Forum -ի շրջանակներում լինելու են ելույթներ և պանելային քննարկումներ հետևյալ թեմաներով․

 ․տեխնոլոգիաները փոփոխվող աշխարհում․ մարտահրավերներ և հնարավորություններ

․ բիզնես գործընթացների փոխակերպումը անցումային ժամանակաշրջանում

․Երևանը, որպես տեխնոլոգիական նոր կլաստերի մայրաքաղաք

․մատակարարման շղթաների թվային փոխակերպումը

․կորպորատիվ կառավարում անընդհատ փոփոխվող միջավայրում

․տեխնոլոգիական ոլորտի աշխատաշուկան երկու համայնքի գոյության պայմաններում․ Local / Relocated

․մարքեթինգը գլոբալ փոփոխությունների պայմաններում

․անվտանգությունը ցանցային աշխարհում

․ստարտափ էկոհամակարգի ապագան և ներդրումների ներգրավումը տուրբուլենտության պայմաններում:

Խոսնակների թվում են ներկայացուցիչներ Renderforest, Service Titan Armenia, DISQO, Helix, Hexact, Miro, Viva MTS, Synopsys Armenia, Հայփոստ  և մի շարք այլ ընկերություններից, որոնց արժեքը շուկայում միլիարդավոր դոլարներ են։ 

Խոսնակները տվյալ կազմակերպությունների առաջին դեմքերն են, այդ թվում՝ Ռալֆ Յիրիկյան, Նարեկ Սաֆարյան, Աշոտ Տոնոյան, Հովիկ Մուսայելյան, Բագրատ Ենգիբարյան, Հարություն Բաղդասարյան, Արամ Մխիթարյան, Արմեն Օրուջյան, Գրիգոր Հովհաննիսյան, Մանուկ Հերգնյան և մի շարք այլ անձինք։ 

Վստահ եմ, որ միջոցառումը կդառնա  հարթակ ելույթների, երկխոսությունների և քննարկումների համար, ինչպես նաև հարմարավետ networking հարթակ հազարավոր մասնագետների և հետաքրքրված անձանց համար։

-Իսկ ինչպե՞ս մասնակցել Yerevan Tech Forum 2022-ին: 

-Միջոցառման մուտքն ազատ է, մասնակցության համար հարկավոր է միայն գրանցման հայտ թողնել այս հղումով՝ https://yerevantechforum.am/ և ստանալ հրավեր։ Խորհուրդ եմ տալիս շտապել, քանի որ մասնակցության տեղերը սահմանափակ են։ Առաջին օրերից միջոցառման հանդեպ առաջացավ մեծ հետաքրքրություն, և մի շարք ընկերություններ ցանկություն հայտնեցին դառնալ գործընկեր ու այդ կերպ նպաստել որակյալ միջոցառման անցկացմանը։ Մի շարք ԶԼՄ-ներ ևս ցանկություն հայտնեցին լուսաբանել միջոցառումը, ինչի համար շատ շնորհակալ ենք նրանց, այդ թվում՝ ձեր թիմին՝Tert.am -ին։ 

Skill - Event Marketing ընկերության ողջ թիմը աշխատում է գրեթե շուրջօրյա գրաֆիկով որակյալ միջոցառման անցկացման համար։ 

-Իսկ ինչո՞վ է պայմանավորված IT միջոցառումների քանակի աճը մեր երկրում և ինչո՞ւ են IT ոլորտի շատ ընկերություններ սկսել ներդրումներ անել կոնֆերանսների կազմակերպման մեջ:

-Շատ լավ հարց է, շնորհակալություն։ Իսկապես, Հայաստանի ՏՏ ոլորտը մեծ հետաքրքրություն է ցուցաբերում տեխնոլոգիական միջոցառումների կազմակերպման հանդեպ և տվյալ միջոցառումների քանակը վերջին 2 տարիների ընթացքում կտրուկ աճ է գրանցել։ Մենք կանխատեսում ենք նման միջոցառումների քանակի ավելի մեծ աճ։ Կլինեն ներդրումային, տարբեր ծրագրավորման լեզուների, NFT, բլոկչեյն, մարքեթինգային ուղղվածությամբ միջոցառումներ, կոնֆերանսներ՝ ղեկավարների, հիմնադիրների համար և այլ ձևաչափերի միջոցառումներ։ 

Հարցն այն է, որ այս միտումը չի սահմանափակվում միայն Հայաստանով, այլ համաշխարհային բնույթ է կրում։ Միջազգային խոշոր ՏՏ կորպորացիաները մշտապես մասնակցում են տարատեսակ ձևաչափերի տեխնոլոգիական միջոցառումներում, ակտիվորեն աջակցում են դրանց, նաև կազմակերպում են իրենց սեփականները։ Ինչու՞ է այդպես․ իրականում այդ տեսակի միջոցառումները հնարավորություն են ընձեռում ներգրավել երիտասարդ տաղանդներին, նրանց հետ մշտական կապի մեջ լինել, պատմել հաճախորդներին իրենց ապրանքների և ծառայությունների մասին։ 

Միջոցառումները թույլ են տալիս կիսվել փորձով, գիտելիքներով, ներկայացնել սեփական բրենդը։ Վերոնշյալով էլ պայմանավորված՝ հայկական ՏՏ ընկերությունները հետ չեն մնում իրենց գործընկերներից, և այսօր, երբ ռեսուրսների համար ներքին շուկայում ստեղծվելու է մրցակցություն, այդ թվում ռելոկացված ընկերությունների կողմից, ՏՏ ընկերությունները զգալիորեն մեծացնելու են ներդրումները իրենց որպես գործատու բրենդի մեջ, իսկ միջոցառումներում մասնակցությունը և սեփական միջոցառումների կազմակերպումը լինելու է  առավելությունների, խելացի գրասենյակների, իրենց աշխատակիցների կրթության մեջ ներդրումների հետ մեկտեղ հիմնական տարրերից մեկը։ 

Իսկ քանի որ կոնֆերանսների թիվը գնալով աճելու է, դա նշանակում է, որ մրցակցություն է առաջանալու նաև կոնֆերանսների միջև։ Կազմակերպման որակը, networking-ը, ակտիվությունները, խոսնակները, բովանդակությունը մեծ նշանակություն են ունենալու։ 

Skill - ը հայկական մի շարք ՏՏ միջոցառումների կազմակերպչական գործընկերն է, ինչպիսին են՝ Reinvent by Renderforest, Silicon Mountains, Learning Tech Conference, AI Conference և այլն։ Մեր գործընկերներին տալիս ենք հնարավորություն զբաղվել իրենց գործով, քանի որ կադրերի՝ իրենց հիմնական աշխատանքից կտրվելու արժեքը ՏՏ ոլորտում շատ բարձր է։ Մեր թիմը իր  վրա է վերցնում ՏՏ ոլորտի կազմակերպությունների սեփական միջոցառումներ կազմակերպելու, այլ միջոցառումներում որպես հովանավոր ներկայանալու  պահանջմունքը։ Մենք կազմակերպում ենք բրենդ ակտիվացիաներ, մասնակցություն էքսպոներում և այլն։

Շնորհակալություն հարցազրույցի և Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում համագործակցության համար։ 

 

Yerevan Tech Forum-ի ընթացքում ՏՏ ոլորտի առաջատար դեմքերը կքննարկեն ստարտափերի ապագան, ոլորտում ներդրումների ներգրավումը և Երևանը տեխնոլոգիական նոր կենտրոն դարձնելը․ Skill.am–ի հիմնադիր