Հոնդուրասի նախկին ղեկավարը ցանկանում է, որ Բայդենը, Թրամփն ու Օբաման ի պաշտպանություն իրեն ցուցմունք տան դատարանում
Հոնդուրասի նախկին նախագահ Խուան Օռլանդո Էռնանդեսը Նյու Յորքի դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել թմրանյութերի և զենքի հետ կապված մեղադրանքներով, իսկ նրա փաստաբանը խոստացել է ի պաշտպանություն մեղադրյալի ցուցմունք տալու համար դատարան կանչել ԱՄՆ երեք նախկին նախագահներին, գրում է The Guardian-ը:
Անցյալ ամիս ԱՄՆ արտահանձնված Էռնանդեսը Մանհեթենում դատավարության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել երեք քրեական հոդվածներով, այդ թվում՝ կոկաին ներկրելու և զենք պահելու համար:
ԱՄՆ դատախազները մեղադրել են Էռնանդեսին, որը ժամանակին համարվում էր ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցը, թմրանյութերի առևտրով զբաղվողներից միլիոնավոր դոլարներ ստանալու համար: Նրանք այդ գումարները երկրի ղեկավարին տվել են չձերբակալվելու համար: Մինչդեռ Էռնանդոն, որը ղեկավարում էր Հոնդուրասը 2014-ից մինչև այս տարվա հունվար, ըստ դատախազների, այդ գումարն օգտագործել է հարստանալու և իր քաղաքական արշավները ֆինանսավորելու համար:
Դատարանից դուրս նրա փաստաբան Ռայմոնդ Կոլոնն ասել է, որ նախատեսում է դատարան կանչել գործող նախագահ Ջո Բայդենին, նախկին նախագահներ Բարաք Օբամային և Դոնալդ Թրամփին, որպեսզի նրանք երաշխավորեն Էռնանդեսին, որը Հոնդուրասի առաջին նախագահն էր, որը համաձայնեց երկրից արտահանձնել թմրանյութերի վաճառքով զբաղվողներին։
«Ինչո՞ւ ոչ: Բայդենը կարող է զբաղված լինել երկիրը ղեկավարելով, բայց ես չեմ մտածում, որ Թրամփն ինչ-որ կարևոր բան է ներկայում անում, և ես գիտեմ, որ պարոն Օբաման թոշակի է անցել, ուստի…», - ասել է Կոլոնը:
Նա նաև ասել է, որ դատարան է կանչելու մեքսիկացի նարկոբարոն Խոակին «Էլ Չապո» Գուսմանին, որ ցմահ բանտարկություն է կրում ԱՄՆ-ում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով:










