Խերսոնի մարզը ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով կդիմի Պուտինին
Ուկրաինայի Խերսոնի մարզի ղեկավարությունը մտադիր է դիմել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մարզը Ռուսաստանի Դաշնության կազմ ներառելու համար, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մարզի ռազմաքաղաքացիական վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ղրիմում միանգամայն օրինական անցկացված հանրաքվեն չընդունվեց համաշխարհային հանրության կողմից, որն ամեն ինչ արեց, որպեսզի Ռուսաստանը չընկալվի որպես համաշխարհային հանրության լիարժեք սուբյեկտ։ Հետևաբար, սա կլինի մեկ միասնական հրամանագիր՝ հիմնված Խերսոնի մարզի ղեկավարության դիմումի վրա՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, կլինի խնդրանք՝ Խերսոնի մարզը Ռուսաստանի Դաշնության լիարժեք սուբյեկտի կազմ ներառելու մասին»,- ասել է նա։










