Խուզարկություններով չեք կարող կոտրել մեր ոգին, պայքարելու ենք մինչեւ իշխանությանը հեռացնենք․ Արծվիկ Մինասյան
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին, ասաց, որ իշխանությունը փորձում է կոտրել ընդդիմադիրների ոգին։
«Գիտեք, որ խուզարկել են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տունը, ուզում էին ընտրակաշառք գտնել։ Դաշնակցականի տանը ամեն ինչ կգտնեք բացի ընտրակաշառքից։ Նման քայլերով չեք կարող կոտրել մեր ոգին», - ասաց նա։
Նա նաև նշեց, որ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպն ուռճացված է, ընդդիմադիր երիտասարդները հարգում են տարեցներին։
«Այս պայքարին միացած բոլոր երիտասարդները հարգում են տարեցներին։ Հիմա ապատեղեկատվության քարոզ է գնում՝ այդ թվում և Հ1-ով», - ասաց նա։
Նա նշեց, որ իրենք պայքարելու են այնքան մինչև այս իշխանությանը հեռացնեն։










