Թշնամին շարունակում է ագրեսիան ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, իսկ իշխանության կողմից դրա հակադարձումը հաճախ լինում է, որ այդ տարածքը «հայկական» չէ․ Սաղաթելյան
Այսօր, մայիսի 12-ին Ֆրանսիայի հրապարակից մեկնարկեց «Դիմադրության» շարժման հանրահավաքը։
«Այսօր մայիսի 12-ն է։ 1994 թ․-ի այս օրը մեր փառապանծ բանակը զինադադար է պարտադրել Ադրբեջանին։ Մեր ժողովրդի կազմակերպվածության և կամքի շնորհիվ, 94թ․-ին կարողացանք պարտադրել թշնամուն՝ կնքել զինադադար»,- Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Նա հիշեցրեց, որ անցած տարի, մայիսի 12-ին Ադրբեջանական զորքերը մտան Սյունիքի մարզ ՝ գրավելով Սև լճի տարածքը։
«Նիկոլը պատերազմի ու պարտության խորհրդանիշ է։ Ի դեմս նրա, մեր երկրին չեն հարգում ո՛չ մեր թշնամիները, ո՛չ էլ մեր բարեկամ երկրները։ Վստահությունը կորցրել է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ, բարեկամ երկիր Իրանի և բազմաթիվ եվրոպական երկրների նկատմամբ։ Այս մարդը ձախողել է բոլոր ուղղություններով։ Նիկոլը շարունակում է մնալ Ադրբեջանի և Թուրքիայի սրտի վարչապետը, որովհետև ինքը ձեռնտու է այդ երկու պետություններին»,- ասաց Սաղաթելյանը։
Հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը նշեց․ «Սրանք ձեզ խոստացան ժողովրդավարություն, բայց երկրում բերել են բռնապետություն։ Տեսնում եք՝ այս օրերին ոստիկանությունը խելագարի հրահանգով ինչ քայլեր ու գործողություններ է ձեռնարկում»,-ասաց նա։
«Մեր դիմադրության շնորհիվ այսօր պրոցեսներ են տեղի ունենում նաև ոստիկանությունում։ Բազմաթիվ արժանապատիվ սպաներ, ոստիկաններ հրաժարվում են ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ, կատարել այս խելագարի հրահանգները և դիմում են գրում ու դուրս գալիս համակարգից»,-տեղեկացրեց Իշխան Սաղաթելյանը։
«Հիասթափվել, հոգնել, հետ քայլ չկա։ Վաղը կրկին կշարունակվեն անհնազանդության ակցիաները, 16։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում՝ հերթական կարևոր գործն անելու»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Իշխան Սաղաթելյանը խոսքն ավարտեց «Միություն Պայքար Հաղթանակ» կարգախոսով։










