Տաթև-Աղվանի ճանապարհը երբ նախագծում էինք, չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված․ Նիկոլ Փաշինյան
Նախորդ տարի Սյունիքի մարզում արտակարգ ռեժիմով կառուցվեց Տաթև-Աղվանի ճանապարհը, բայց երբ նախագծում էինք, չէինք նախատեսել, որ բեռնափոխադրումների ամբողջ ծավալը պետք է տեղափոխվի այդ հատված: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա անդրադառնալով Վայոց Ձորում իրականացվող ճանապարհաշինությանը, նշել է, որ խնդրահարույց է մնում Վայոց Ձորից դեպի Սյունիք տանող ճանապարհների որակը։
Նա հավելել է, որ պետք է աշխատել խնդիրները վերացնելու ուղղությամբ։
«Հիմա մենք, հանգամանքների բերումով, Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է», - ասել է վարչապետը:
ՀՀ վարչապետը նաև ներկայացրեց մի քանի խոշոր օբյեկտներ, որոնց շինարարական աշխատանքները գտնվում են ավարտական փուլում և 2022 թվականին կմեկնարկեն:
«Խոսքը Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝Արենի-Արփի-Եղեգնաձոր 17 կմ, Մ-2 միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ Սարավան-Սարալանջ 16.9 կմ, Վարդավանք-Խդրանց -Ագարակ ավտոճանապարհի 13.1 կմ հիմնանորոգման, Մարտունի-Աստղաձոր 5.9 կմ ճանապարհահատվածի, Գետափի հողային պաստառի փլուզված հատվածների, պաշտպանիչ հենապատերի և կառուցվածքների վերականգնման, Ալաշկերտ ավտոճանապարհի 1 կմ հատվածի հիմնանորոգման, Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի հիմնանորոգման մասին է: 2022 թվականին մեկնարկում են հետևյալ աշխատանքները. Վայոց ձորի մարզում Նորավանքի պատմական հուշարձան հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգում, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան ճանապարհի հիմնանորոգում, Այգավան - Եղեգնավան ավտոճանապարհի, Աղվանի- Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածի կառուցում և այլն:
Ուզում եմ ընդգծել, որ վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություններ են արվել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ, սակայն արդեն երևում է, որ այս հատվածների հիմնանորոգման արդյունքում էական որակական փոփոխություն կունենանք»,- ընդգծեց Փաշինյանը:










