Մակրոնն աջակցել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի որոշմանը

19:40 • 16.05.22

 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լիարժեք աջակցում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Ելիսեյան պալատը:

 
Մայիսի 15-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել: Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնը նշել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելը դրական ազդեցություն կունենա երկրի և շվեդ ժողովրդի անվտանգության վրա։

 
«Հանրապետության նախագահը կողմ է Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու սուվերեն որոշմանը»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Ավելի վաղ Մակրոնն աջակցել էր Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշմանը: ԶԼՄ-ների տվյալներով՝ Շվեդիայի կառավարությունն արդեն պատրաստել է ՆԱՏՕ-ին անդամակցելու նամակ-հայտը: Այն նախատեսվում է ուղարկել Ֆինլանդիայի հայտի հետ միաժամանակ: