12-հարկանի բնակելի շենքը փորձում են «տեղավորել» տների արանքում, արդյունքում՝ սարկավագ Անդրանիկ Մանուկյանի տունը հայտնվել է քանդման եզրին (տեսանյութ)

18:14 • 16.05.22

Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 հասցեում սարկավագ Անդրանիկ Մանուկյանի տան հարևանությամբ իրականացվող 12-հարկանի բնակելի շինության շինաշխատանքների հետևանքով Մանուկյանի տունը հայտնվել է արտակարգ իրավիճակում։ Շինարարության հետևանքով տան պատերի վրա ճաքեր են առաջացել։

Բնակելի շինության շինթույլտվությունը տրվել է նախորդ քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անցյալ տարվա դեկտեմբերի 22-ին։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգությհան տեսչական մարմինը այս տարածքում հայտնաբերել է ակնհայտ շեղումներ, իսկ 2018թ-ին Քաղաքաշինության կոմիտեն գրություն է ուղարկել այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանին՝ նշելով, որ տվյալ շենքերի բակային տարածքում  անհրաժեշտ է զերծ մնալ նոր բազմաբնակարան շենքերի կառուցման ծրագրից, շինարարությունը այնուամենայնիվ սկսվել է։

Շինարարությունը մի անգամ օրենքի ուժով կասեցվել է, սակայն հետագայում վերսկսել է։ Անդրանիկ Մանուկյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացել Վարչական դատարան շինարարությունը կասեցնելու վերաբերյալ, սպասում են դատարանի որոշմանը։