Պուտինն Ուկրաինայում մարտավարական որոշումների կայացմանը մասնակցում է գնդապետի կամ բրիգադային գեներալի մակարդակով. The Guardian

10:12 • 17.05.22

Դոնբասում Ուկրաինայում ռուսական զորքերի տեղաշարժի որոշման հարցերով անձամբ զբաղվում է ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը, որը, ըստ հետախուզական տվյալների վրա հիմնվող արևմտյան ռազմական փորձագետների, մասնակցում է մարտավարական որոշումների կայացմանը գնդապետի կամ բրիգադային գեներալի մակարդակով։ Այս մասին գրում է բրիտանական The Guardian-ը:

Վլադիմիր Պուտինն այնքան է անձամբ ներգրավվել ուկրաինական պատերազմում, որ, ըստ արևմտյան ռազմական աղբյուրների, նա օպերատիվ և մարտավարական որոշումներ է կայացնում գնդապետի կամ բրիգադային գեներալի մակարդակով, ասվում է հոդվածում։

Աղբյուրները հավելում են, որ Պուտինը սերտորեն համագործակցում է ՌԴ ԶՈւ հրամանատար, գեներալ Վալերի Գերասիմովի հետ, և վերջինիս պաշտոնանկության մասին տեղեկությունները ճիշտ չեն համարում։

«Մենք կարծում ենք, որ Պուտինն ու Գերասիմովը ներգրավված են մարտավարական որոշումների կայացման մեջ այն մակարդակով, որը սովորաբար ակնկալում ենք գնդապետից կամ բրիգադային գեներալից», - հրատարակությանն ասել է ռազմական աղբյուրը՝ նկատի ունենալով Ուկրաինայի արևելքում շարունակվող մարտերը։

Պարբվերականը գրում է, որ ռուսական բանակը չի կարողանում բեկման հասնել Դոնբասում, որտեղ արդեն մեկ ամիս հարձակման է գնում։