Մնացել եմ անտուն. ռուսական Առաջին ալիքի եթեր ներխուժած, ապա Բեռլին տեղափոխված խմբագիրը մտադիր է հայրենիք վերադառնալ
Երկու ամիս առաջ ռուսական Առաջին ալիքի եթեր ներխուժած խմբագիր Մարինա Օվսյաննիկովան, որը սկանդալից հետո հրաժարական է տվել և լքել ՌԴ-ն՝ տջեղափոխվելով Գերմանիա, այժմ աշխատանքի է անցել տեղական Welt թերթում:
Չնայած արտերկրում ստացած աջակցությանը, լրագրողուհին չի կարողանում լիարժեք աշխատել և մտածում է հայրենիք վերադառնալու մասին, գրում է starhit.ru-ն:
«Ամեն ինչ փոխվել է, ամեն օր նորանոր մարդկանց հետ եմ շփվում։ Եվ նույնիսկ դա հոգեբանորեն դժվար է։ Ես մնացի անտուն, առանց տուն։ Երեխաներս Մոսկվայում են, ես չեմ կարող նրանց գրկել: Ես դեռ չեմ վերադառնում Մոսկվա, բայց, իհարկե, մտադիր եմ դա անել։ Ես նույնիսկ չգիտեմ, թե ով եմ ես հիմա: Շարունակում եմ, պայքարում եմ, ուժն ու լավատեսությունը չեմ կորցնում»,- ասել է նա։
Օվսյաննիկովան պատմել է, որ միշտ կապի մեջ է դստեր հետ, բայց որդին չի ցանկանում շփվել։ Կինը վստահ է, որ նախկին ամուսինն իր դեմ է հանում որդուն.«Երկխոսությունը չի ստացվում, քանի որ նրա հայրը աշխատում է RT-ում, նա լվանում է տղայիս ուղեղը: Իմ տղան հիմա այնքան դժվար տարիքում է, նա 17 տարեկան է, նա և իր հայրը տղամարդկային համերաշխություն ունեն՝ ուղղված իմ դեմ։ Մայրիկը դավաճան է, փչացրեց մեր ամբողջ կյանքը»:
Լրագրողուհին չի կարողանում կապ հաստատել մոր հետ, որը սկանդալի պատճառով երես է թեքել իրենից։
Հիշեցնենք, որ կինը Առաջին ալիքի լրատվական հաղորդման ընթացքում ներխուժել է եթեր ու Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողության դեմ ուղղված ակցիա իրականացրել։ Նա եթեր է ներխուժել այն պահին, երբ հաղորդավարը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների մասին խոսելիս է եղել։
Կինը ձեռքին պաստառ է ունեցել, որի վրա գրված է եղել․ «Դադարեցրե՛ք պատերազմը, մի՛ հավատացեք քարոզչությանը։ Այստեղ ձեզ խաբում են»։ Նա մի քանի անգամ կոչ է արել դադարեցնել պատերազմը, ինչից հետո եթեր է գնացել պատժամիջոցների մասին ռեպորտաժը։
Նրան դրա համար տուգանել են 30 000 ռուբլիով։











