Առավոտյան 08։00-ից շարունակում ենք բողոքի, խաղաղ անհնազանդության ակցիաները. Իշխան Սաղաթելյան

22:54 • 18.05.22

«Միասին ծանր ու դժվար գործ ենք սկսել, բայց վստահ եղեք, որ միասին այս գործն ավարտելու ենք հաղթանակով, որովհետև պինդ եք, ամուր ու վճռական եք, մենք միասնական ենք»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Սաղաթելյանի խոսքով, այսօր նորից փաստել են՝ այս շարժումը կասեցնել հնարավոր չէ. «Այսօր 600-ից ավելի բերման ենթարկվածներ ենք ունեցել, հիմա բոլորն այստեղ են։ Պետք է համախմբենք, շատանանք ու այս գործը հասցնենք իր հաղթական ավարտին»։

Վաղն առավոտյան 08։00-ից շարունակում ենք բողոքի, խաղաղ անհնազանդության ակցիաները, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Նա հրապարակեց, թե 08։00-ին որ վայրերից են շարժվելու խմբերը և որտեղ պետք է հավաքվեն քաղաքացիները․

Գարեգին Նժդեհի հրապարակ,

Կոմիտաս, եկեղեցու մոտ

Ավան, «Հարսնաքար» համալիրի մոտ

Նորքի զանգված՝ «Մեգամոլի» դիմաց

Սասունցի Դավթի արձանի դիմաց

15-րդ թաղամաս, Հանրապետական հիվանդանոցի այգում

 Լենինգրադյան-Սեբաստիա խաչմերուկ

 Ֆրանսիայի հրապարակ։

«Առավոտյան 08։00-ին միացեք բողոքի ակցիաներին։ Որքան շատ, այնքան մեծ գործ կանենք»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Ընդդիմադիր գործիչը հիշեցրեց, որ վաղը Հայաստան է ժամանելու Լիտվայի նախագահը, դիմեց շարժմանը միացած քաղաքացիներին՝ միասին գործ ունեն անելու, իսկ 19․00-ին կրկին հավաքվելու են Ֆրանսիայի հրապարակում։