Բալերոն Զելենսկին՝ Պուտինի փեսա. լրատվամիջոցներն ուշագրավ մանրամասներ են պարզել ՌԴ նախագահի ենթադրյալ դստեր մասին

17:03 • 19.05.22

Հայտնի բալետի պարող Իգոր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դստեր՝ Եկատերինա Տիխոնովայի նոր ընտրյալն է։ Այս եզրակացության են եկել «Важные истории»-ի և Der Spiegel-ի հետաքննող լրագրողները։

Ըստ ԶԼՄ-ների՝ Պուտինի դուստրը՝ Եկատերինա Տիխոնովան, վերջին տարիներին ավելի քան 50 անգամ Մյունխեն է մեկնել։ Բալետի պարող Իգոր Զելենսկին այս քաղաքում ապրում և աշխատում է 2016 թվականից։ 2019 թվականի վերջին Տիխոնովան պատրաստվում էր տեղափոխվել Գերմանիա։

2018 թվականից Զելենսկին հանդիսանում է Ազգային մշակութային ժառանգության հիմնադրամի վերահսկիչ խորհրդի անդամ, որը պատասխանատու է Ռուսաստանի Դաշնության մարզերում մշակութային և կրթական համալիրների կառուցման համար։ Նախագիծը նախաձեռնել է անձամբ Պուտինը։

Տիխոնովան և Զելենսկին, ըստ լրագրողների, դուստր ունեն, որը ծնվել է 2017 թվականին։

Իգոր Զելենսկին Բավարիայի բալետի նախկին պարող է, որն աշխատանքից դուրս է եկել 2022 թվականի ապրիլին։ Ըստ ամենայնի, նա հեռացվել է այն պատճառով, որ հրաժարվել է հրապարակայնորեն դատապարտել Ռուսաստանին Ուկրաինայի դեմ պատերազմի համար։

Թե որտեղ են ներկայում Զելենսկին և Պուտինի դուստրը, լրագրողներին անհայտ է։ Der Spiegel-ը փորձել է զանգահարել Զելենսկիին, սակայն նա չի վերցրել հեռախոսը։

Հիշեցնենք, որ Տիխոնովան ՌԴ նախագահի կրտսեր դուստրն է։ Նա աշխատում է Մոսկվայում՝ որպես «Իննոպրակտիկա» հիմնադրամի տնօրեն։ Գիտական կոնֆերանսների և կոնգրեսների մշտական մասնակից է։ Նա ծնվել է 1986 թվականի օգոստոսի 31-ին Դրեզդենում։ Տեղեկություններ կան, որ ավելի վաղ Եկատերինա Տիխոնովան ամուսնացած է եղել հոր ընկերոջ՝ գործարար Կիրիլ Շամալովի հետ, սակայն այժմ զույգն ամուսնալուծված է։

Катерина ТихоноваИгорь Зеленский на сцене