ՀՀ տեղափոխված ռուսական ՏՏ ընկերությունները 1 տարի անց գնալու են Հայաստանից, պետք է այնպես անենք, որ այստեղ թողնեն սպուտնիկային թիմեր․ Արմեն Ավագյանը` Yerevan Tech Forum 2022-ում
Հայաստան տեղափոխված ռուսական ՏՏ ընկերությունները 1 տարի անց գնալու են Հայաստանից, պետք է այնպես անենք, որ այստեղ թողնեն սպուտնիկային թիմեր։
Այս մասին Yerevan Tech Forum 2022-ի շրջանակներում Tert.am-ի հետ զրույցում ասաց «Hexact AM» ընկերության Զարգացման գծով տնօրեն Արմեն Ավագյանը։
Խոսելով՝ Հայաստանում տեխնոլոգիական աշխատաշուկայում ծառացած մարտահրավերների և հնարավորությունների մասին, Ավագյանը նշեց․
«Հայաստանում ՏՏ աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի միջև տարածությունը բավականին մեծ է։ Աշխատողների պահանջարկը ավելի շատ է, քան առաջարկը։ Անհրաժեշտ է «պոպուլյար» դարձնել IT ոլորտը, որը հնարավորոթյուն կտա 16-19 տարեկան երիտասարդներին ներգրավվել այս ոլորտում։ ՏՏ ոլորտի մասին պետք է շատ խոսել, նկարահանել ֆիլմեր, այն պետք է դառնա փոփ մշակույթի մի մասը, որպեսզի գրավիչ լինի երիտասարդների համար։ ՏՏ ոլորտում հնարավորությունները բավականին լայն են, միակ խնդիրն այն է, որ տեխնոլոգիական աշխատաշուկայում գնային «փուչիկ» է գոյացել։ Այն, ինչ մենք վճարում ենք աշխատողներին, ավելի բարձր է, քան իրենց իրական հմտություններն են, շուկան է դա ստիպում։ Նույն մակարդակի մասնագետ վարձելը օրինակում Ինդոնեզիայում գործատուների համար ավելի շահավետ կարող է լինել։ Այս հարցի կարգավորմանը որոշակիորեն օգնում է ՌԴ-ից ՏՏ կադրերի ներհոսքը, որքան առաջարկը աշխատաշուկայում շատանա, այնքան գնային բալանսը կկարգավորվի»։
Հարցին՝ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ դրսից ՀՀ ժամանած որակյալ ռեսուրսը ՀՀ-ում պահելու համար, Ավակյանը պատասխանեց․ «Մեր ռուս գործընկերները նշում են, որ Հայաստան են տեղափոխվել, որովհետև դա արագ ու հեշտ էր, բայց 6 ամսից կամ 1 տարուց իրենք տեղափոխվելու են Եվրոպա կամ ԱՄՆ։ Սա հասկանալի է, որովհետև IT ոլորտի հիմնական շուկան անգլախոս աշխարհն է։ Կարծում եմ՝ մենք պետք է կենտրոնանաք ոչ թե նրա վրա, թե ինչ անենք այդ խոշոր ընկերությունները ՀՀ-ում պահելու համար, որովհետև դա իրատեսական չէ, այլ պետք է այնպես անենք, որ ընկերությունները տեղափոխվելուց հետո Հայաստանում թողնեն սպուտնիկային թիմ»։
Ավագյանը ընդգծեց, որ անհրաժեշտ է Հայաստանում հստակեցնել ներդրումային քաղաքականության խաղի կանոնները՝ ստարտափ էկոհամակարգերում ներդրումներ ներգրավվելու նպատակով։










