Կանադայում փոթորկի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, ավելի քան կես միլիոնը՝ մնացել առանց էլեկտրաէներգիայի (լուսանկարներ)
Կանադայի Օնտարիո և Քվեբեկ նահանգներում, որոնք երկրի ամենախիտ բնակեցված նահանգներն են, հզոր փոթորկի հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան կես միլիոն մարդ է մնացել առանց էլեկտրաէներգիայի, հաղորդում է Reuters գործակալությունը։
Տեղական կոմունալ ծառայությունների հաղորդմամբ՝ քամին, որի արագությունը գերազանցում էր 130կմ/ժ-ը, կոտրել ու տապալել է ծառերը և էլեկտրահաղորդման գծերի սյուները։
«Մենք մտածում ենք բոլոր տուժածների մասին ու շնորհակալ ենք այն ջոկատներին, որոնք աշխատում են էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ», - հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոն՝ ընդգծելով, որ կանադական կառավարությունը պատրաստ է օգնել զոհվածների ընտանիքներին ու բոլոր տուժածներին։
Օնտարիոյի և Քվեբեկի տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ մահացու և ծանր վնասվածքների մեծ մասը մարդկանց հասցրել են տապալված ծառերը։












